ՖՈՏՈ. «Ազնվություն նա ուներ, մի քիչ էլ ես ավելացրի». Անի Երանյանը հանդես կգա նոր ֆիլմում. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 30-ից 16 մասից բաղկացած «Մալենա» ֆիլմը կհայտնվի եթերում: Ֆիլմի պրոդյուսերը Սոս Կարապետյանն է, տնօրենը՝ Անի Երանյանը:

ArmLur.am-ի հետ զրույցում ֆիլմի տնօրեն և գլխավոր դերակատար Անի Երանյանը պատմել է մանրամասներ ֆիլմի նկարահանումներից ու ստեղծագործական փուլից.
«Այս ֆիլմը ինձ համար շատ կարևոր է, որովհետև ես և Սոսն ենք եկել այս գաղափարին և քարը քարի վրա դնելով, փայփայելով, կռվելով, շատ ու շատ դժվարությունների միջով անցնելով ստացանք շատ լավ ու հետաքրքիր արդյունք, որը շուտով կհանձնենք մեր հեռուստադիտողի դատին: Իհարկե այս ամենն անհնար կլիներ իրականացնել առանց այն մեծ խմբի, պրոֆեսիոնալ մարդկանց, ովքեր աշխատեցին մեզ հետ այս ֆիլմի շրջանակներում:

Ամերիկայի հայկական հեռուստատեսության համար շատ արտասովոր է նման մեծ թիմ ունենալ, համարյա թե անհնար, բայց ես երբևէ չէի ստորագրի մի բանի տակ, որ լավ կլինի առանց պրոֆեսիոնալ մասնագետների:

«Գործարք Վեգասում» ֆիլմի արձագանքներից հետո Սոսն առաջարկեց նույն դերասանական կազմով մի բան անել և ինձ առաջարկեց միասին անել ֆիլմ: Ես վստահ եմ, որ այս համագործակցությունը շատ հետաքրքիր արդյունք է տալու, ու ես մեծ հույս ունեմ, որ այն ահռելի և մասշտաբային աշխատանքը, որն արվել է, կգնահատի մեր հեռուստադիտողը»:

Անիի խոսքով՝ դժվարություններ շատ շատ են եղել, բայց ամեն դժվարության ժամանակ ավելի վստահ է եղել, որ արդյունքը լինելու է ավելի լավ:

«Ստեղծագործական խմբից համարյա թե ոչ մեկի հետ չէինք աշխատել։ Անսահման ուրախ եմ սցենարիստ Անի Մաղաքյանի հետ համագործակցության համար, որ վստահեց և փոխադարձ վստահության և առողջ աշխատանքի շնորհով ստացանք նոր հետաքրքիր նախագիծ: Մեր թիմի բոլոր անդամներին անհատապես շնորհակալ եմ առանց տրտնջալու և բոլոր խոչընդոտները մեր հետ հաղթահարելու համար»:

Ինչը կապված է դերասաններին` Պապ Պողոսյանի, Տիգրան Մանսուրյանի, Գևորգ Կալեմդարյանի հետ առաջին անգամ է աշխատում Անին և ArmLur.am-ին վստահեցնում է, որ բոլոր դերասանները այնքան լուրջ, պրոֆեսիոնալ և պատրաստված էին գալիս նկարահանման հրապարակ, որ ուղակի հաճելի էր նրանց հետ աշխատել:

Խոսելով իր իսկ մարմնավորած կերպարի՝ Մալենայի մասին՝ Երանյանը համեմատում է՝ խառնվածքով նման է Մալենան Անիին, բայց միևնույն ժամանակ ընդհանրապես Անիի հետ կապ չունեցող մարդ է.

«Երկկողմանի ծնողազուրկ մարդը վրեժխնդրությամբ լցված ինչպիսին կարող է լինել, ես չգիտեմ, բայց Անին մաքսիմում արդարացրել է իր մեջ Մալենային և իրենից տվել մի քիչ սեր ու քնքշանք… Ազնվություն նա ուներ, մի քիչ էլ ես ավելացրի: Շատ չեմ ուզում կերպարը բացահայտել, որպեսզի լինի ավելի հետաքրքիր և ամեն մեկը նայելուց ինքը որոշի ինչպիսինն է Մալենան»,- պատմում է Անին։
Որպես ֆիլմի տնօրեն՝ Անի Երանյանը, խոսելով ակնկալիքների մասին, կարծում է, որ յուրաքանչյուր գործ անելուց յուրաքանչյուր մարդ, ով իր գործը սիրող մարդ է, ուզում է, որ այն լինի նախորդից լավը։

«Ես կարծում եմ և մեծ հույս ունեմ որ մեր սիրելի հեռուստադիտողը կգնահատի և կսիրի մեր աշխատանքը:
Ինչը կապված է թիմին` չգիտեմ հետագայում կհամագործակցենք թե ոչ, բայց համոզված եմ, որ այս համագործակցությունը մեր թիմից շատերի համար կլինի այցետոմս նոր դռներ բացելու համար»:

Մարիամ Ղազարյան




Լրահոս