Հեծանիվով երեխաներին ֆիքսող արագաչափն ու…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում վերջերս մի քանի արագաչափեր են տեղադրվել, որոնք առաջացրել են վարորդների դժգոհությունը: Արագաչափերից մեկը տեղադրված է Նոյեմբերյան քաղաքից մոտ 8 կմ հեռավորության վրա գտնվող Ջուջևան գյուղի մուտքի մոտ ՝  Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին:

Ջուջևանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանը մեզ ասաց, որ ինքը կողմ է Ջուջևանում արագաչափի տեղադրմանը, քանի որ որոշ վարորդներ գյուղի տարածքում գերազանցում են բնակավայրում թույլատրված առավելագույն արագության ` 60կմ/ժ սահմանը: Սակայն «Ժողովուրդ»-ին բողոքող նոյեմբերյանցի բազմաթիվ վարորդներ նշում են, որ իրենք դեմ են գյուղի ծայրին դրա տեղակայմանը, քանի որ այդ արագաչափը չի լուծում բնակավայրի տարածքում երթևեկության անվտանգությանը նպաստելու խնդիրը: Այդ արագաչափի կողքով անցնելուց հետո մեքենաները Ջուջևանի տարածքում մեծ արագությամբ են ընթանում: Ուստի վարորդներն ասում են, որ ճիշտ կլիներ արագաչափը տեղադրել գյուղապետարանի և դպրոցի ճանապարհի խաչմերուկում կամ էլ գյուղի ավտոկանգառի հարևանությամբ: Այդ տեղերում մարդկային հոսքը մեծ է, վթարների հավանականությունը` նույնպես: Վարորդները նաև ասում են, որ գյուղի ծայրին, թեքության վրա արագաչափի տեղադրումը ձմռան պայմաններում խնդիրներ է առաջացնելու, քանի որ ցածր արագությամբ հնարավոր չի լինելու հաղթահարել Ջուջևանի բարձունքը:

Նոյեմբերյանցի վարորդների տեղեկացմամբ ` միջազգային «Նավիգատոր» արբանյակային ծրագրով Ջուջևանում արագաչափի տեղը նշված է գյուղի ավտոկանգառի հարևանությամբ: Վարորդները կարծում են, որ ի սկզբանե հենց այդտեղ էլ նախատեսված է եղել տեղադրել արագաչափը, սակայն տեղը փոխվել է, որպեսզի այն ավելի շատ խախտումներ արձանագրի, քանզի բարձունքից իջնող կամ այն հաղթահարող մեքենաները կարող են գերազանցել սահմանված արագությունը:

Նույն կերպ երթևեկության անվտանգությանը նպաստելու խնդիրն արդյունավետ չի լուծում նաև միջպետական ճանապարհի Կողբ-Բերդավան հատվածում տեղադրված արագաչափը: Նոյեմբերյանցի վարորդների համոզմամբ ` եթե արագաչափը տեղադրվեր Բերդավանի ավտոկանգառի հարևանությամբ գտնվող խաչմերուկում, դա կզսպեր այդ հատվածով երթևեկող շատ մեքենաների մեծ արագությունը, հետևաբար` նաև այդտեղ կատարվող վթարները:

Բագրատաշենի մաքսակետի մոտ տեղադրված արագաչափն էլ դարձել է ծաղրի առարկա: Բանն այն է, որ այդտեղ առավելագույն արագություն է սահմանված ժամում 20 կիլոմետր ընթացքը: Տեղացի երեխաները հեծանիվներով մեծ արագություն հավաքելով ` անցնում են այդ արագաչափի մոտով, սարքն էլ ստեպ-ստեպ անիմաստ կերպով նրանց նկարում է ` այդպիսով մեծ ուրախություն պատճառելով երեխաներին: Նոյեմբերյանցի վարորդների համոզմամբ ` քանի որ արագաչափերի աշխատանքից ստացված տուգանքների զգալի մասը մտնում է Սերժ Սարգսյանի մերձավոր անձանց գրպանը, դրանք տեղադրվում են ոչ թե երթևեկության անվտանգությունն, այլ ՝ մեծ շահույթներ ապահովելու առաջնահերթությամբ:

Ոսկան Սարգսյան




Լրահոս