Բրուցելյոզի դեպքեր Կոտայքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում հայտնաբերել է բրուցելյոզով հիվանդ 38 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Դրանցից 35-ը սանիտարական սպանդի են ենթարկվել, իսկ մնացած երեքն առաջիկայում կենթարկվեն: Առայժմ հայտնի չէ, արդյոք այդ հիվանդությունը փոխանցվել է մարդուն, թե ոչ: Նշենք, որ բրուցելյոզի նկատմամբ ընկալունակ են գյուղատնտեսական և ընտանի բոլոր կենդանիները: Բրուցելաների առանձին ձևեր նաև փոխանցվում են մեկ կենդանական տեսակից մյուսին:

Բրուցելյոզի կլինիկական կամ ախտաբանաանատոմիական նշաններ ունեցող բոլոր տեսակի կենդանիների միսը բաց են թողնում եփելուց հետո:

Բրուցելյոզի նկատմամբ հակազդած ոչխարների և այծերի սպանդից ստացված միսը ենթակա է միայն երշիկեղենի կամ պահածոների վերամշակման ՝ պահպանելով համապատասխան ջերմամշակման պահանջները: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի խոսքով՝ այս հիվանդությունը կարանտինային չէ:

Նշենք, որ այս պահին արգելված է հիվանդ կենդանիների կաթն առանց ջերմային մշակման օգտագործել, իսկ հիվանդ կենդանիները մինչև սանիտարական սպանդի ենթարկվելը մեկուսացվել են: Մկրտչյանից տեղեկացանք նաև, որ ՀՀ-ում պլանային ստուգումները սովորաբար սկսվում են մարտ ամսին, բայց քանի որ նախորդ տարի գրանցվել են նման հիվանդության մի քանի դեպքեր, հետազոտությունն այս տարի մի փոքր վաղ է սկսվել: «Խոշոր եղջերավոր կենդանիները տարին երկու անգամ պետպատվերի շրջանակներում հետազոտվում են: Եվ հիմա ողջ հանրապետությունով մեկ սկսվել են այդ աշխատանքները»,- տեղեկացրեց Մկրտչյանը:

Մասնագետների խոսքով ՝ եթե անասնաբույժը նորմալ վարձատրվի, ապա կատարած աշխատանքն էլ անթերի կլինի, իսկ նման հիվանդությունների դեպքերը Հայաստանում կնվազեն: Այսօր որոշ անասնաբույժներ, չունենալով համպատասխան փոխադրամիջոց, պարզապես չեն կարողանում մի գյուղից մեկ այլ գյուղ տեղափոխվել և պատվաստումներ իրականացնել: Մասնագետները նշում են, որ նաև այս իրավիճակի հետ են կապված վերջին տարիներին գլուխ բարձրացրած սիբիրախտի, դաբաղի, բրուցելյոզի դեպքերը:

Այս պնդումներին ի պատասխան, սակայն, անասնաբուժության տեսչության պետը հավաստիացրեց. «Անասնաբույժը եթե պայմանագիր է կնքել, ապա չի կարող թերի կատարել իր աշխատանքը, քանի որ կա անասնաբուժական տեսչություն ՝ ՊՈԱԿ, որը մշտապես հսկողություն է իրականացնում: Նա չի կարող ուղղակի ինքնագործունեությամբ զբաղվել: Աշխարհի ո՞ր երկրում հիվանդություն չկա: Միջոցառումն անում ենք, եթե չանենք, ապա ավելի վատ պատկեր կունենանք»: Սակայն «Ագրարագյուղացիական միավորում» հկ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Ժողովուրդ»-ի հետ զրուցում հակառակը պնդեց ՝  նշելով, որ այս հիվանդությունների գրանցված դեպքերը համապատասխան պետական կառույցների բացթողման արդյունք են:

«Տարեցտարի մեզ մոտ կրկնվում է աֆրիկյան ժանտախտը, սիբիրյան խոցը, բրուցելյոզը և այլ հիվանդություններ, որոնք տարբեր տեղերում են ի հայտ գալիս: Իհարկե, դա համապատասխան կառույցի թերությունն է, վատ աշխատանքի արդյունքը, որովհետև եթե ճիշտ աշխատեին, այդ հիվանդությունները չպետք է ընդհանրապես լինեին: Չէ որ պետությունը բուժումների և պատվաստումների համար լուրջ գումարներ է հատկացնում: Այնպես որ, եթե ճիշտ աշխատեին այս վիճակը չէր լինի մեզ մոտ»,- նկատեց Բերբերյանը ` կարծիք հայտնելով, որ դա կարող է նաև անասնաբույժների թերի աշխատանքի պատճառով լինել. «Մի կողմից ՝ բացթողում է, բայց թող անասնաբույժները չմոռանան, որ ամեն մի պատվաստում անելուց հետո իրենք բացի պետական միջոցները, գյուղացուց գումար են վերցնում: Ժամանակն է եկել, որ այս բնագավառը համալրենք հմուտ, պատասխանատու անձանցով»:

«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղնախարարությունից տեղեկացավ, որ անցյալ տարի կառավարությունը պատվաստանյութերի ձեռքբերման համար հատկացրել է 510 մլն դրամ, իսկ այս տարի՝ 594 մլն դրամ:

Տեղեկացնենք, որ անասնաբույժի կողմից յուրաքնաչյուր միավոր աշխատանքը գնահատվում է 75 դրամ. մեկ կով պատվաստելու համար` 75 դրամ, երկու խոզի կամ երկու ոչխարի դեպքում 75 դրամ, 50 հավ սրսկելու համար, պետությունն անասնաբույժին վճարում է 50 դրամ: Ինչպես ասում են` առանց մեկնաբանության: Վերջում նշենք, որ ՀՀ ԳՆ ՍԱՊ ծառայությունը դիմել է Առողջապահության նախարարություն՝ որպեսզի նախարարությունը պարզի վարակված մարդ կա՞, թե՞ ոչ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս