Աբրահամյանին ԱԺ Էթիկան չի հետաքրքրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել, քանի որ ԱԺ խմբակցություններն անընդհատ ձգձգում են հանձնաժողովում իրենց ներկայացուցիչներին ընդգրկելու հարցը: Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցությունն ընդհանրապես հրաժարվել է իր անդամն ունենալ հանձնաժողովում:

Նշենք, որ ԱԺ – ում արդեն երկու քառօրյա նիստեր են գումարվել, սակայն այդ ընթացքում էթիկայի հանձնաժողովը չի ձևավորվել: Հանձնաժողովը նույնիսկ նախագահ չունի, քանի որ ԱԺ ՀԱԿ խմբակցություն անդամ  Լյուդմիլա Սարգսյանը հրաժարվել է ղեկավարել հանձնաժողովի աշխատանքները ՝ պատճառաբանելով, որ իշխանություն-ընդդիմություն համամասնությունը հանձնաժողովում խառնված է:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ խմբակցության ներկայացուցիչներից պարզել, թե ինչու ԱԺ էթիկայի հանձնաժողով չեն ներկայացնում իրենց ներկայացուցիչներին:  ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, թե իրենք թեկնածու չեն ներկայացնելու. «Մենք անցյալ նստաշրջանում արդեն հայտարարություն ենք արել այդ մասով»:

Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք արդեն իրենց թեկնածուին առաջադրել են. «Մոտավորապես 2 շաբաթ առաջ մենք արդեն մեր թեկնածուին ներկայացրել ենք. վերահաստատել ենք Վահան Բաբայանի թեկնածությունը»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանն էլ «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովում առաջադրել են իր թեկնածությունը. «Ասեմ, որ ամենաանհրաժեշտ հանձնաժողովներից մեկն է, քվորում լինելուց հետո հանձնաժողովը սկսելու է իր բնականոն աշխատանքները»:

Աժ ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանն էլ նշեց, որ իրենց խմբակցությունը վերահաստատել է Հովհաննես Մարգարյանի թեկնածությունը: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը, ով նաև հանձնաժողովի փոխնախագահն է, ասաց, թե որևէ տեղեկություն չունի՝ ինչու հանձնաժողովը չի ձևավորվում:

ԱԺ քարտուղարության պետ-աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե նախօրեին ՀՅԴ-ն ևս ներկայացրել է իր թեկնածուին ու մոտ օրերս կլինի կարգադրությունը՝ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ դաշնակցությունից այդ հանձնաժողովում ներկայացված կլինի ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, դե քանի որ «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանն այժմ ԱՄՆ-ում ուսանում է, նրան կփոխարինի Թևան Պողոսյանը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս