Գյուղնախարարը չի կարողացել իրացնել տարիներով կուտակված բուրդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Միրաք համայնքի բնակիչները կանգնել են փաստի առաջ: Միրաքի համայնքապետ Ալիկ Նամոյանի խոսքով ՝ 90 բնակիչ ունեցող գյուղի մեծ մասն այս տարիների ընթացքում ունի տոննաներով կուտակած ոչխարի բուրդ, որը մարդիկ չեն կարողանում իրացնել:

-Եկամտի միակ աղբյուրը անասնապահությունն է: Աշխատատեղ չկա, ոչ մի բան չկա, ոչ ֆաբրիկա, ոչ գործարան: Զբաղմունք չկա:

 -Այդ պատճառո՞վ են մարդիկ հեռանում:

-Գյուղից գնում են ու գալիս: Հենց գնում են, գնում եմ խնդրում, նորից հետ եմ բերում, բայց մեկ է ՝ տեսնելով, որ ոչինչ չկա, հետ են գնում:

 -Քանի՞ ընտանիք եք հետ բերել:

-Էս վերջերս երկու ընտանիք բերեցի, բայց էլի են գնալու: Եկամուտ չկա, ժողովուրդը չի կարողանում ապրել: Էս Ռուսաստանն էլ կտրին, մարդիկ խոպան էլ չեն կարողանում գնան:

 -Ձեր գյուղի բնակիչները հիմնականում ոչխարաբուծությա՞մբ են զբաղվում:

-Ճիշտ է, ոչխար պահում են, բայց եկամուտ չկա: Մեր գյուղացիների 80 տոկոսը երեք-չորս տարի է, ինչ կուտակած բուրդ ունի, բայց մարդիկ չեն կարողանում վաճառել: Հայաստանում նման վաճառքի կետ չկա, որ տանենք ու իրացնենք: Այ էսպես շիվարել ենք ու չգիտենք ինչ անենք:

 -Միշտ ե՞ք ունեցել այս խնդիրը:

-Մեր տանիքում հիմա վեց տոննա բուրդ կա: Եթե 1 կգ բուրդն արժե 500 դրամ, ապա վեց տոննան ՝  3 մլն դրամ: Այսքան գումար հիմա իմ տանիքում դրված է: Տարիներ առաջ նման խնդիր չի եղել: Մարդիկ նորմալ կարողանում էին իրենց բուրդն իրացնել: Գալիս էին օժիտի համար տանում: Հիմա երևի աղջիկ չեն ամուսնացնում կամ էլ օժիտ չեն տալիս:

-Վերջերս ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն այցելել էր Արագածոտնի մարզ: Խոսեցի՞ք նրա հետ այս խնդրի մասին:

-Մենք այդ հարցը տվեցինք նրան: Բայց ինչ…

-Ի՞նչ պատասխանեց:

-Ասաց, որ Հայաստանում նման բան չկա: Նման տեղ չկա, որ տանենք ու հանձնենք: Ինչ անենք, նա էլ չգիտի:

-Դուք Ձեր համայնքի երիտասարդ աշխատակիցների աշխատավարձերից Կուտակային ֆոնդի համար գումար պահե՞լ եք:

-Այո, փոխանցել ենք:

-Ինչպե՞ս են մարդիկ վերաբերվում դրան:

-Դե ես նախագահ մարդ եմ, ինքն էլ իմ աշխատողն է, ես ասում եմ, որ ոնց ամբողջ Հայաստանում է, այնպես էլ մեզ մոտ է: Ճիշտ է, իրենց համար էլ է դժվար, բայց ինչ անենք:

Զրուցեց Սյունե Համբարձումյանը

 

 




Լրահոս