ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալեցի Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոն Գալագերին։
Հանդիպմանը քննարկեցինք հայ ժողովրդի համար ծանրագույն այս ժամանակահատվածում առաջացած մարտահրավերները, արցախահայության բազմաթիվ խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները։
Ընդգծեցի, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումն օրհասական է, որի համար իրականացվող իմ ամենօրյա ջանքերին խնդրեցի դեսպանի աջակցությունը։
«Արցախի Հանրապետության նախագահը երկրի լուծարման մասին փաստաթուղթը ստորագրել է ճնշման տակ, իսկ մենք գիտենք, որ ճնշման, ահաբեկման ներքո ստորագրված փաստաթուղթն իրավազորություն չունի: Մենք մի օր վերադառնալու ենք մեր հայրենիք»,- նշեցի իմ խոսքում։
Պարոն Գալագերին հայտնեցի, որ Արցախի Հանրապետությունը՝ անկախ արցախահայության բնակության վայրից, դե ֆակտո և դե յուրե գոյություն ունի, իսկ արցախահայության իրավունքներն ու խնդիրները չեն սահմանափակվում միայն հումանիտար բաղադրիչով։
Այս համատեքստում նշեցի, որ Արցախի Հանրապետության վտարանդի կառավարությունը, վտարանդի Ազգային ժողովը և պետականության մյուս բոլոր ատրիբուտները պետք է պահպանվեն և շարունակեն իրենց աշխատանքը ճգնաժամային ռեժիմում։
Արցախի խորհրդարանը պետք է հրատապ նիստեր հրավիրի, Կառավարությունը շարունակի աշխատանքը, քանի որ քաղաքացիների խնդիրների լուծման աշխատանքն ամենօրյա ռեժիմ է ու Արցախի Հանրապետության կառավարության և խորհրդարանի ուղիղ գործառույթը. կապ չունի, թե հիմա որտեղ են բնակվում արցախցիները:
Պարոն Գալագերն ընդգծեց, որ Միացյալ Թագավորությունը մշտապես պատրաստ է կանգնելու հայ ժողովրդի հումանիտար խնդիրների լուծման կողքին: Ավելին՝ մեծաքանակ հումանիտար օգնություն՝ ֆինանսական, բժշկական և այլ դրսևորումներով, արդեն արվել է ու դեռ կարվի»: