
«Վրաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է օրենքը՝ հակառակ կառավարության արգելքի մեկնելով արտերկիր, ինչը կարող է հիմք դառնալ նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար»,- ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան:
Իմփիչմենթի միջնորդությունը, որը ստորագրել է 80 պատգամավոր, դատարանում ներկայացրել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները, այդ թվում՝ կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Իմփիչմենթի վերաբերյալ խորհրդարանի պատգամավորների սահմանադրական բողոքը պաշտպանել է Սահմանադրական դատարանի վեց անդամ, երեքը՝ դեմ արտահայտվել:
Այժմ խորհրդարանը երկու շաբաթվա ընթացքում պետք է քննարկի և քվեարկի նախագահին իմփիչմենթի միջոցով պաշտոնանկ անելու հարցը։ Որոշմանը պետք է աջակցի խորհրդարանի առնվազն 100 պատգամավոր։ Հաշվի առնելով, որ գրեթե բոլոր ընդդիմադիրները խոստանում են դեմ քվեարկել, ենթադրվում է, որ իշխող կուսակցությունը չի կարողանա Զուրաբիշվիլուն հեռացնել պաշտոնից։