Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց կունենա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա նշել է, որ բացի Իսրայելի եւ Պաղեստինի առաջնորդներից, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ կանցկացնի ևս երեք պետությունների ղեկավարների հետ։
«Նախագահն արդեն հեռախոսազրույցներ է ունեցել Սիրիայի և Իրանի նախագահների հետ: Օրվա ընթացքում շփումներ կկայանան Եգիպտոսի նախագահ Էլ-Սիսիի, Պաղեստինի նախագահ Աբասի, ինչպես նաև Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ»,- ասել է Ուշակովը։
Նրա խոսքով՝ շփումների ընթացքում Պուտինը կքննարկի իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։
«Իհարկե, Պուտինը կարտահայտի իր գնահատականներն ու դիրքորոշումը իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ և կլսի իր գործընկերների համապատասխան կարծիքները»,- հավելել է Ուշակովը։
Օֆելյա Հովհաննիսյան