Ինչո՞ւ են հենց տավուշցիները գերի ընկնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպե՞ս  է  լինում, որ  վերջին շրջանում  հենց Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի գյուղի բնակիչներն են  հայտնվում Ադրբեջանում: Մի՞թե հնարավոր չէ սահմանն այնպես ամրացնել, որ  գյուղի բնակիչները  գերության մեջ չընկնեն:

Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ասաց, որ այդ հարցով պետք է դիմել ՊՆ լրատվական ծառայություն:

ՊՆ  մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ  բոլոր  այն երկրներում, որտեղ  կան հակամարտող ու պատերազմող կողմեր, լինում են դեպքեր, երբ   երկու կողմից էլ թե մոլորվելու հետևանքով, թե դիտավորյալ, մարդիկ սահման են անցնում: «Նման դեպքերը վերջնական ձևով կանխելու համար այլ  տարբերակ չկա: Բեռլինում պատ էլ շարեցին, բայց մարդիկ, միևնույն է, անցնում էին մյուս կողմ, եթե ուզում էին»,-ասաց  Ա. Հովհաննիսյանը:

Մամլո խոսնակն այդ  տեղանքում շատ է եղել: Նրա խոսքով ` 99 տոկոսով այդ տարածքում հնարավոր  բոլոր  ռազմական միջոցներն արված են սահմանի պաշտպանության համար,  ավելին ` Ադրբեջան անցած մեր քաղաքացիները   հրաշքով հարյուրավոր ականներից որևէ մեկի վրա չեն կանգնել:

Պրն Հովհաննիսյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ  խաղաղության պայմանագիր կարելի  է կնքել և մեծ պատ շարել, որ մեր քաղաքացիները գերի չընկնեն, բայց կարծում է, որ դա էլ չի օգնի: «Եթե որևէ մեկի մտքով անցնի   հակառակորդի կողմն անցնել, նա  թունել կփորի և կանցնի»,-եզրափակեց ՊՆ մամլո խոսնակը:

 




Լրահոս