Կառավարության հրաժարականը ոչինչ չի փոխի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես այս պահին չեմ տեսնում, որ ինչ-որ խնդիր կա առաջնորդության, թե ով պետք է առաջնորդ լինի»,- Armlur.am-ի թղթակից հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչի կհանգեցնի 4 ոչ իշխանական ուժերի համախմբումը և արդյոք ով է առաջնորդելու այդ ուժերին: Ըստ նրա`  միասնական գործողությունները ենթադրում են միասնական քայլեր և որոշումներ, իսկ դրանց դեպքում չի կարող ինչ-որ մեկի ձայնը ավելի շատ լինի քվեի առումով, քան մյուսինը:

«Միակ առաջնորդողը պետք է լինի ժողովուրդը և ինքը պետք է պահանջատեր լինի և օրակարգը որոշի»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ Պրն Մարտիրոսյանի` այստեղ ոչ թե առաջնորդության խնդիր է, այլ այն, թե այս 4 խորհրդարանական ուժերը հետագայում ի՞ նչ ֆորմատով և ե՞ րբ հանդես կգան այն օրակարգով, որն այսօր պահանջում է ժողովուրդը, իսկ ժողովուրդը պահանջում է արմատական բարեփոխումներ, իշխանափոխություն:

«Խնդիրը կայանում է նրանում, թե ե՞ րբ մենք միասնական այդ օրակարգին կհասնենք»,- իր խոսքում նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս անդրադարձավ նաև 4 խորհրդարանական ուժերի կողմից կառավարությանը անվստահություն հայտնելու հանգամանքին ` նշելով, որ ներկա պահին այդպիսի հարց 4 ուժերի կողմից միասնական օրակարգ առաջ քաշված չէ:

«Իմ անձնական մոտեցումն այն է, որ կառավարության հրաժարականը, ըստ էության, որևէ քայլ երկրում չի փոխելու, քանի որ կառավարությունը միայնակ չի գործում: Այն ԱԺ-ի մեծամասնության և ՀՀ Նախագահի կառավարությունն է, և այդ կառավարությունը հիմա անում է այն, ինչ իրեն ասում են: Ինքը առանձին քաղաքականություն չի վարում: Ուստի կառավարության փոփոխությունը միայն այդ ֆորմատում ոչինչ չի տալիս»,- նշեց Ժառանգության ներկայացուցիչը:




Լրահոս