Որդին փորձել է բարձով խեղդել անկողնային հիվանդ վիճակում գտնվող հորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Անդրանիկ Վլադիմիրի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անկողնային հիվանդ վիճակում գտնվող հորը՝ Վլադիմիր Պետրոսյանին խեղդելու եղանակով կյանքից զրկելու դիտավորությամբ, բարձը դրել է նրա դեմքին և փորձել է խեղդել նրան, միաժամանակ բղավելով՝ «Մեռի, դուք բոլորդ պետք է մեռնեք»։ Սակայն իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ նույն պահին Վլադիմիր Պետրոսյանի ննջասենյակ է մտել թոռնիկը՝ Արթուր Առաքելյանը, ով հանդիսանում է նաև Անդրանիկ Պետրոսյանի քրոջ որդին և անմիջապես մոտենալով Անդրանիկ Պետրոսյանին, երկու ձեռքերով թիկունքից քաշել է մի կողմ, ձեռքից վերցրել բարձը, որից հետո սկսել են քաշքշել միմյանց։ Այդ ժամանակ ննջասենյակ են մտել նաև Միլանյա Առաքելյանը և Ամալյա Պետրոսյանը:

Անդրանիկ Պետրոսյանը կոտրել է խոհանոցի դռան ապակին և բռունցքով մեկ անգամ հարվածել Արթուր Առաքելյանի ճակատի հատվածին, այնուհետև նրան հաջողվել է քեռուն տանից դուրս հանել, ինչի արդյունքում Անդրանիկ Պետրոսյանին չի հաջողվել իրագործել իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը:

Բացի այդ, նշված միջադեպից մոտ 5 րոպե անց, արծաթափայլ դանակը վերցնելով իր աջ ձեռքը, Արթուր Առաքելյանի կողմից նրա չիրագործած դիտավորության խոչընդոտումն օգտագործելով որպես վրեժի շարժառիթ, տան մուտքի աստիճանների վրայով թռչել է, այնուհետև վազելով մոտեցել է տան ավտոտնակում գտնվող Արթուր Առաքելյանին և այս անգամ իր համար իմաստավորված և նպատակային գործողություններով որպես թիրախ է ընտրել իր հակաբարոյական գործողություններին արձագանքած Արթուր Առաքելյանին ու նրան ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ մեկ անգամ նախապես հարմարեցված կտրող-ծակող առարկայի՝ դանակի գործադրմամբ հարվածել է նրա կենսական կարևոր օրգանին՝ կրծքավանդակի հատվածին, միաժամանակ նրա հասցեին տալով սպանության սպառնալիքներ։

Երբ փորձել է կրկին հարվածներ հասցնել Արթուր Առաքելյանի մարմնի տարբեր հատվածներին, իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը ավարտին հասցնելու նպատակով, Արթուր Առաքելյանն դիմադրել է, բռնել և ամուր սեղմել է նրա աջ ձեռքը, պառկեցրել է ավտոտնակում գտնվող սեղանի վրա։ Այդ ժամանակ Արթուր Առաքելյանին օգնության է հասել նաև մայրը՝ Միլանյա Առաքելայնը, ով կրկին բռնել է Անդրանիկ Պետրոսյանի աջ ձեռքը, սեղմել այն վերջինիս վնասազերծելու նպատակով, սակայն Անդրանիկ Պետրոսյանը իր դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն ավարտին հասցնելու նպատակով կրկին բաց չի թողել դանակը։

Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց, Արթուր Առաքելյանի շարունակական ուժի գործադրման արդյունքում, հաջողվել է վնասազերծել Անդրանիկ Պետրոսյանին և նրա ձեռքից խլել դանակը, ինչի արդյունքում Անդրանիկ Պետրոսյանը հեռացել է դեպի տուն և իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել իրագործել իր դիտավորթյան մեջ ընդգրկված հանցագործությունը:

Քնար Մանուկյան




Լրահոս