Ավարտվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, իրեն վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնոմ են ՀՀ Քննչական կոմիտեից։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի 69-ամյա բնակչուհին, 2012-2018թթ. հանդիսանալով «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենը, ինչպես նաև «Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոն» և «Իմպրոռիթմ» մշակութային հասարակական կազմակերպությունների նախագահը, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի և «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոն» հասարակական կազմակերպության միջև կնքել է համագործակցության պայմանագրեր։ Ըստ դրանց՝ հիշյալ հասարակական կազմակերպությունը պարտավորվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի հանձնարարությամբ իրականացնել պայմանագրում նշված` մշակութային միջոցառումներ կազմակերպելու աշխատանքները, իսկ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղը պարտավորվել է վճարել այդ աշխատանքների իրականացման համար:
ՊՈԱԿ-ի տնօրենն, իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու դիտավորությամբ, 2012-2018թթ. ընկած տարբեր ժամանակահատվածներում, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 345․692․000 ՀՀ դրամ գումարն առանձնացրել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի գույքային ֆոնդից և փոխանցել վերոնշյալ հասարակական կազմակերպությունների բանկային հաշիվներին: Այնուհետև նշված գումարները կանխիկացրել է՝ այդ կերպ հափշտակելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքը։
Բացի այդ, 2015թ. Գյումրիում անցկացվելիք Վերածնունդ երաժիշտ կատարողների ամենամյա միջազգային վեցերորդ մրցույթ-փառատոնի մասնակի ծախսերի կատարումն ապահովելու համար կնքված պայմանագրերի համաձայն՝ Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Վերածնունդ» հասարակական կազմակերպությանը նվիրաբերվել է 5.000.000-ական ՀՀ դրամ: Դրանից հետո, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենը նշված գումարներից յուրացնելու եղանակով հափշտակել է խոշոր չափերի` 2.681.000 ՀՀ դրամը: Այնուհետև, իր իսկ կողմից կատարված հափշտակության հանգամանքը քողարկելու նպատակով, կեղծել է տպագրական ծառայություններ մատուցելու դիմաց կազմված դրամարկղային մուտքի օրդերները, հյուրանոցային ծառայություններ մատուցելու վերաբերյալ կազմված ծառայությունների մատուցման մասին հաշիվները, հաստատել կեղծ տվյալներ պարունակող ամփոփաթերթերը և դրել շրջանառության մեջ` ներկայացնելով Գյումրու քաղաքապետարան և ՀՀ մշակույթի նախարարություն:
Քննությամբ պարզվել է նաև, որ վերոնշյալ մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամների կեցության հարցը լուծելու նպատակով ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամից Վերածնունդ միջազգային մրցույթ-փառատոն հասարակական կազմակերպությանը փոխանցված 2.904.501,5 ՌԴ ռուբլի գումարից ևս, յուրացման եղանակով, նշված հասարակական կազմակերպության փոխնախագահի օժանդակությամբ, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 23.083.761 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենը, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մտադրությամբ, ԱՄՆ-ում մրցույթ-փառատոնի մասնակցելու պատրվակով, հիշյալ երկիր մեկնելու ցանկություն հայտնած 8 տասնյակից ավելի անձանցից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Վերածնունդ միջազգային մրցույթ-փառատոն հասարակական կազմակերպության փոխնախագահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար: