ArmLur.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 16-ից եթերում կհայտնվի Իննա Խոջամիրյանի և Գոշ Հակոբյանի համատեղ նախագծի հերթական եթերաշրջանը: Parie Media-ի հետ համատեղ դերասանները կիսվել են նախագծի անոնսով, որից պարզ է դառնում, որ նախորդ եթերաշրջանների համեմատությամբ տեղի են ունեցել դերասանական կազմի փոփոխություններ:
Երեկ արդեն տեղի ունեցավ նախագծի առաջին սերիայի թողարկումը:
Նախագծի սցենարիստն Անի Մաղաքյանն է։ Պրոդյուսերները Իննա Խոջամիրան ու Գոշ Հակոբյանը:
ArmLur.am-ի հետ զրույցում Իննա Խոջամիրյանը ներկայացրեց մանրամասներ «Hotel Grand 3»-ից:
«Սա «Hotel Grand-ի» վերջին եթերաշրջանն է, որտեղ անդրադարձ ենք արել լուրջ խնդրի. բիզնեսմենները ամեն բան փորձում են գնել ու սեփականաշնորհել` հողը բիզնես դարձնելով, և հակառակ կողմում մարդիկ, ովքեր ամուր կպած են իրենց փոքրիկ հողին ու դեմ են նման իրողությանը: «Hotel Grand-ը» ընդլայնման ենթակա է , սակայն այն հողը, որն ուզում է սեփականատերը գնել, Առնոյինն է, ով ոչ մի դեպքում չի ուզում այն վաճառել: Ժամանակին ևս խոշոր բիզնեսներ ունենալուց հետո, մեկուսացել է աշխարհից ու իր մի կտոր ֆերմայում է ապրում»,- նշեց Իննա Խոջամիրյանը։
Իննայի խոսքով 2 տարբերակ կար. կա՛մ պատմությունը գեղեցիկ ավարտին հասցնել, կա՛մ անցնել լրիվ ուրիշ նախագծի: ««Hotel Grand-ը» մեր առաջնեկն է, սիրուն եզրափակում որոշեցինք տալ: 3-րդ եթերաշրջանում չկան միայն այն կերպարները, ում պատմությունը հասել էր տրամանաբանական հանգուցալուծմանը»,- հավելեց նա:
Հավելենք, որ երրորդ եթերաշրջանում նոր դերասանական կազմը համալրել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Անի Խաչիկյանը, Թաթուլ Փոստանջյանը, Էմմա Ազիզյանը, Լյով Խուրշուդյանը, Հրանուշ Ավոյանը և այլք:
Մարիամ Ղազարյան