ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Հանրային ձայն» կուսակցության ընտրացուցակի առաջին համարը՝ Արտակ Գալստյանը, որը կալանքի տակ է, պահանջել է իրեն ազատ արձակել։ Նա դրա դիմաց խոստացել էր, որ վայր կդնի Երևանի ավագանու անդամի իր մանդատը:
Բանն այն է, որ նախապես պայմանավորվածություն է եղել, որ «Հանրային ձայն»-ի առաջին համարը՝ կալանավորված Արտակ Գալստյանը, և երկրորդ համարը՝ Տիգրան Ուրիխանյանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, պետք է հայտարարեն ավագանու անդամի մանդատները վայր դնելու մասին:
Սակայն Արտակ Գալստյանը վերջին պահին փոշմանել է ու նոր պահանջ առաջ քաշել, թե վայր կդնի իր մանդատը միայն այն դեպքում, եթե իրեն ազատ արձակեն բանտից:
Հիմա ստացվում է, որ Տիգրան Ուրիխանյանը ևս խաբված է, քանի որ նրան նախապես տեղեկացրել են, թե ինքը և Արտակ Գալստյանը պետք է հայտարարեն մանդատներից հրաժարվելու մասին, բայց վերջին պահին պայմանավորվածությունը խախտվել է:
Տեղեկությունը ArmLur.am-ը փորձեց ճշտել «Հանրային ձայն»-ի փոխնախագահ Վահան Ավագյանից, վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Այո, Արտակ Գալստյանը չի պատրաստվում մանդատը վայր դնել: Վերը նշված ձեր ինֆորմացիայի մասին, ես բացարձակ տեղեկություններ չունեմ»: