ՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպում է կազմակերպել արցախցիների և Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ․ ինչ հարցեր են քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Արցախից բռնի տեղահանվածների համար հումանիտար խնդիրների լուծումը դարձել է սեպտեմբերի 20-ից սկսած յուրաքանչյուրիս օրվա մեծ մասի աշխատանքը: Այս առիթով խորհրդարանում կազմակերպել էի հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար, Արցախի նախագահի՝ կրթության հարցերով խորհրդական Լուսինե Ղարախանյանի, Արցախի Հանրապետության նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական, «ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամի խորհրդի նախագահ Ազատուհի Սիմոնյանի, «Արդարության տուն» իրավապահպան հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Թերեզա Դավթյանի և իմ արցախցի օգնական Օքսանա Բալայանի հետ խորհրդարանում հանդիպում ենք ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան ն.գ. պարոն Ջոն Գալագերի հետ:

Ելնելով հայ ժողովրդի համար այս ծանրագույն ժամանակաշրջանում առաջացած մի շարք խնդիրներից՝ պատմամշակութային ժառանգության պահպանման, կրոնական կոթողների պաշտպանության և այլ հարցերում ունենք բազմաթիվ մտքեր ու գաղափարներ:

Նպատակ ունենք նաեւ աջակցել Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, նպաստել նրանց՝ մասնագիտական ոլորտում դրսևորվելուն, մրցունակ դառնալուն, նոր հմտություններ ձեռք բերելուն, նոր միջավայրին ադապտացվելուն, ինչպես նաև բարձր պահել Արցախի հարցը միջազգային հարթակներում՝ տարաբնույթ ծրագրեր իրականացնելու միջոցով: Այս ամենը կյանքի կոչելու համար սկսել ենք հանդիպումների շարք դեսպանների, միջազգային կառույցների ներկայացուցիչների և տարբեր մասնագետների հետ:
Արդյունքների մասին հավելյալ կհայտնեմ»:




Լրահոս