Հայաստանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը: Մրցույթը մեկնարկել է հոկտեմբերի 15-ից, հայտերը ընդունվելու են մինչեւ ապրիլի 15-ը:
Ծրագրի համակարգող Սոնա Վերդյանի պնդմամբ նախորդ տարվա համեմատությամբ մեծամասշտաբ փոփոխություններ չկան։ Մրցույթին կարող են մասնակցել ակադեմիական պատրաստվածություն ունեցող բոլոր կոմպոզիտորներն ու երաժիշտները։ Ստեղծագործությունները պետք է գրվեն ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար։ Պետք է գրվի մեկ ստեղծագործություն կամ շարք։ Տևողությունը նվազագույնը պետք է լինի 6 րոպե, նախկին 8 րոպեի փոխարեն, իսկ առավելագույնը` 12 րոպե։
Ապրիլի 15–ից մայիսի 15–ը ժյուրին կկայացնի իր որոշումը՝ ընտրելով վեց լավագույններին:
Մրցույթի ժյուրին այս տարի կգլխավորի կոմպոզիտոր, դիրիժոր Դավիթ Հալաջյանը:
Մրցույթի ողջ ընթացքում՝ հոկտեմբերի 15-ից – հունիսի 14-ը, աշխարհի տարբեր երկրներից ժյուրիի անդամները Հայաստանում հանդես կգան վարպետության դասերով, որոնք միտված կլինեն երաժշտական ակադեմիական կրթահամակարգի ամրացմանը։
Առաջին մրցանակային տեղի համար նախատեսված է 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ տեղի համար՝ 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և երրորդի համար՝ 1000 դոլարին համարժեք դրամ։ Ըստ կազմակերպիչների՝ մրցանակային ֆոնդը լիովին համապատասխանում է միջազգային մրցույթի չափանիշներին։
Կլինի նաև ունկնդրի համակրանք մրցանակ։ Ունկնդիրը գալահամերգի ժամանակ կկարողանա գնահատել լավագույն 6 մասնակիցներին, որոնցից կընտրվի նշված մրցանակակիրը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցույթին մասնակցել է 24 դիմորդ` 13 երկրից։ Առաջին մրցանակին արժանացել էր Ռուսաստանի ներկայացուցիչ, բայց արմատներով հայ Իվան Բուշոևը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Գերմանիան ներկայացնող երաժիշտ Արսեն Բաբաջանյանը։ Երրորդ հորիզոնականում հայաստանցի երաժիշտ Վարդան Հարությունյանն էր։
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ իր հերթին նշեց, որ իր համար մեծ պատիվ է, որ կա նման մրցույթ և հնարավորություն է ստեղծվում երաժշտական նոր գործեր ստեղծել։
«Հայոց լեզվի դասական գրականության հատվածը նորագույն շրջանի երաժշտության մեջ կայացած չէ ամբողջությամբ, որքան կարող էր լինել։ Մենք երբևէ չենք փորձել երաժշտություն բերել Քուչակի հայրենները, բայց դա դարավոր գրական արժեք է»,–ասաց Մանսուրյանը։
Մարիամ Ղազարյան