Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ընդհանուր փոխըմբռնում է ձեռքբերվել Երասխ-Ջուղա-Մեղրի-Հորադիզ երթուղու երկայնքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ, ադրբեջանական Trend-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ այդ հարցը քննարկվում էր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբում։
«Մինչ օրս կայացել է աշխատանքային խմբի 12 նիստ, մանրամասն քննարկվել է հեռանկարային երկաթուղային և ճանապարհային երթուղիների փաթեթը»,- հավելել է նա։ Ըստ Զախարովայի՝ հունիսի 2-ին կայացած վերջին հանդիպման արդյունքներով կողմերն արձանագրել են առաջընթաց Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում։ «Ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուղա-Մեղրի-Հորադիզ երթուղու երկայնքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ: Մեր աշխատանքում մենք ելնում ենք փոխադարձության, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման սկզբունքների պահպանման անհրաժեշտությունից»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Զախարովան նաև նշել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում հաջողությունը լրացուցիչ խթան կհաղորդի եռակողմ աշխատանքի այլ ոլորտներին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացին, ինչպես նաև խորհրդարանականների ու փորձագետների միջև երկխոսության մեկնարկին։