Իրանի կառավարությունն Իսրայելին մեղադրել է Գազայի հիվանդանոցին հարված հասցնելու մեջ՝ նշելով, որ այդ հարձակմամբ Իսրայելն արագացրեց իր կործանումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
«Այս հարձակմամբ (խմբ․՝ Իսրայելի) վարչակարգն արագացրեց իր սեփական կործանումը պաղեստինցիների և տարածաշրջանի մուսուլմանների ձեռքերով․․․ Այս հանցագործությունը, միանշանակ, անպատասխան չի մնա, և եվրոպական երկրների ղեկավարներն ու ԱՄՆ-ն մեղսակից են վարչակարգի պատերազմական հանցագործություններին», – գրված է Իրանի կառավարության հայտարարությունում։
Դատապարտելով առնվազն 500 մարդու կյանք խլած հարձակումը՝ Իրանը միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ կանգնեցնելու «ռասիստական սիոնիստական ռեժիմին»։
Հիշեցնենք, որ Իսրայելը պնդում է, թե Գազայի հիվանդանոցին հարվածել է պաղեստինյան հրթիռ, որն արձակել է «Պաղեստինի իսլամական ջիհադ» կազմակերպությունը ալ-Ահլի հիվանդանոցի մերձակա գերեզմանոցից։
«Պաղեստինյան իսլամական ջիհադ» կազմակերպությունը, որը ՀԱՄԱՍ շարժման հետ միասին մասնակցել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակմանը, հերքել է, որ հիվանդանոցում պայթյունի պատճառ է դարձել հրթիռի ձախողված արձակումը։