ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկիի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ներկայացուցիչները:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հովհաննիսյանն ընդգծել է, որ Կառավարությունն իր 2021-2026 թթ. ծրագրով կարեւորում է շրջակա միջավայրի պահպանության, տնտեսության զարգացման եւ սոցիալական պաշտպանության ներդաշնակեցումը, եւ այս համատեքստում բարձր է գնահատել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի իրականացման անհրաժեշտությունը:
Նախարար Հովհաննիսյանը կարեւորել է ծրագրի ժամկետի՝ 36 ամսով երկարաձգումը եւ շեշտել, որ Կառավարությունը հետագայում եւս հանձնառու է լինելու ակտիվ համագործակցելու ծրագրի նպատակները կյանքի կոչելու ուղղությամբ:
Կողմերը երկուստեք ընդգծել են ծրագրի նշանակությունը, քանի որ այն միտված է էներգիայի խնայողությանը, էներգետիկ անկախության բարձրացմանը եւ ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, որոնք համահունչ են ՄԱԿ-ի եւ ՀՀ կառավարության ծրագրով սահմանված նպատադրումներին: