ԱԺ-ում սահմանաչափից շատ բենզին են ծախսում եւ չեն բացատրում՝ ինչու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի պաշտոնյաները, ավելի ճիշտ՝ ՔՊ-ականները, սահմանաչափից շատ բենզին են օգտագործում՝ փաստացի չհիմնավորելով, թե ինչու: Սա Նիկոլ Փաշինյանի քննադատած «պադավատապետությունն» է: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ Ազգային Ժողով՝ պարզելու, թե վերջին մեկ տարում (01/09/2022-31/08/2023) որքան բենզին են ծախսել ԱԺ բոլոր հանձնաժողովների նախագահներին սպասարկող ավտոմեքենաները:

Նաեւ խնդրել էինք պարզաբանել, թե ԱԺ պաշտոնյաները սահմանված չափից ավել որքան բենզին են ծախսել եւ ինչ անհրաժեշտությամբ: Պատասխան, իհարկե, ստացել ենք, սակայն դրանից ենթադրվում է, որ Աժ-ում խմբակ է գործում, որը պետության միջոցները մսխելու գործընթացը քողարկում է: Մեր ստացած պատասխանից բխում է, որ այդ խմբի կարկառուն ներկայացուցիչներից կարող են լինել ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը եւ պատասխանը ստորագրած Լաուրա Անտոնյանը: Եւ այսպես, ըստ ԱԺ պաշտոնական պատասխանի՝ ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին՝ Սարգիս Խանդանյանին սպասարկող ծառայողական մեքենային ի սկզբանե հատկացված է եղել 3600 լիտր բենզին, սակայն հետագայում հավելյալ 170 լիտր էլ տրամադրվել է:

Թե ինչու է հավելյալ բենզինի կարիք ունեցել Խանդանյանին (նրանից առաջ՝ Էդուարդ Աղաջանյանին) սպասարկող մեքենան, ԱԺ պաշտոնական պատասխանում չկա: Ուսումնասիրելով նրանց գործունեությունը՝ պետք է ասել, որ նրանք գրեթե չեն եղել մարզերում, լավագույն դեպքում ԱԺ-ում ընդունել են միջազգային ներկայացուցիչների: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հետ չի մնացել իշխանավոր ընկերներից, եւ իրեն սպասարկող մեքենային հատկացված 3600 լիտրին եւս 290 լիտր բենզին ավելացնելու կարիք է եղել մեկ տարվա ընթացքում: Հիշեցնենք, որ սա նույն Անդրանիկ Քոչարյանն է, որը նաեւ օպերատիվ արտոնյալ համարանիշներով է շրջում, անցնում է կարմիր լույսի տակով եւ չի տուգանվում: Նա ամենաանպատիժ պաշտոնյաներից է դեռ:

Հավելյալ բենզինի կարիք է ունեցել նաեւ Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը (100լիտր), Աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը (80լիտր), Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը (70 լիտր) եւ Տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Թունյանը (60 լիտր): Նկատենք, որ թվարկված պաշտոնյաների շարժը ավելի շատ ԱԺ-ի մի սենյակից մյուսն է, առանց ավտոմեքենայի, քան խորհրդարանից դուրս աշխատանքային հանդիպումները, նիստերն ու քննարկումները, որոնք պատճառաբանել է ԱԺ-ն պաշտոնապես՝ իբրեւ հավելյալ բենզին պահանջելու անհրաժեշտություն:

Ավելին՝ պաշտոնյաները շատ են լինում արտերկրում, ու այդ ժամանակ ծառայողական ավտոմեքենաները չպետք է ոչինչ ծախսեն: Օրինակ՝ Նարեկ Զեյնալյանն ու Լուսինե Բադալյանը ավելի շատ այլ երկրներում են միասին, քան ԱԺ-ում: Սկանդալային Վլադիմիր Վարդանյանն էլ ԱԺ աշխատանքից դուրս միայն դատարանից դատարան է գնում. մարզերում կամ ԱԺ-ից հեռու շատ բենզին ծախսելու պատճառ դժվար է նրա դեպքում գտնել: Նույնը մյուս հանձնաժողովների նախագահների դեպքում է: Դժվար չէ ենթադրել, որ թվարկվածները եւ մյուսները պետական ծառայողական ավտոմեքենան ծառայեցնում են անձնական նպատակների, իրենց ընտանիքի անդամների տեղափոխության համար, դրա համար էլ չի բավականացնում սահմանված բենզինը:

Համեմատության համար նշենք, որ Դանիայի խորհրդարանում ծառայողական մեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը: Հայաստանում շարունակում է զարգանալ Նիկոլ Փաշինյանի ճամարտակած «պադավատապետությունը», այն Նիկոլ Փաշինյանի, որը իշխանության գալու առաջին մի քանի օրերին հեծանիվ էր վարում:

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակաբար կհրապարակի այս շարքը։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս