ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական երիտասարդ փոխնախարարը նույն մեքենան երկու անգամ է գնել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հունվարի 26-ին, սակայն 2023 թվականին ներկայացրած հայտարարագրում պաշտոնի հատվածում նշված է «Արտաքին գործերի նախարարի խորհրդական»։

Կոստանյանը հայտարարագիր ներկայացրել է մայիսի 30-ին՝ հայտարարգիր ներկայացնելու ժամկետի ավարտից մեկ օր շուտ։ Անհասկանալի է այն, թե ինչու է հայտարարագրում արտաքին գործերի փոխնախարարը իր իսկ պաշտոնը սխալ գրել։

Հիշեցնենք, որ սա նույն Վահան Կոստանյանն է, որին 2018 թվականի հուլիսի 19-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, ընձեռնվեց 3 տարով ակադեմիական տարկետման իրավունքից օգտվելու հնարավորություն՝ ասպիրանտուրայում ուսանելու համար, որից հետո նա նշանակվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական, ապա՝ ԱԺ նախագահի խորհրդական, եւ թողեց գիտությունը՝ փաստացի խաբելով ՀՀ կառավարությանը:

Վահան Կոստանյանը հայտնել էր, որ Ազգային ժողովում նույնպես գիտությամբ կզբաղվի, եւ եթե սահմանված ժամկետում չպաշտպանի թեկնածուական ատենախոսությունը, անպայման բանակ կգնա։ 2021 թվականի ապրիլի 16-ին՝ տարկետման ժամկետը լրանալուց 3 ամիս առաջ, Վահան Կոստանյանը, սակայն, ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից արդեն հիվանդության պատճառով։ Նշենք, որ Կոստանյանը նույն թվականի մայիսին, իր դիմումի համաձայն, ազատվել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայից։ Այսինքն՝ Կոստանյանին ասպիրանտուրան պետք էր, որ որեւէ դեպքում բանակում չծառայի, եւ երբ այլ հիմքով դա ստացվեց, ասպիրանտուրան թողեց:

Ինչ վերաբերում է նրա ունեցվածքին, ապա նշենք, որ Կոստանյանը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն կարծես Toyota մակնիշի մեքենայի սիրահար է։ Ըստ նրա՝ 2019 թվականին ներկայացված տարեկան հայտարարագրի՝ Կոստանյանը Copart ամերիկյան ավտոաճուրդից 1800 դոլարով գնել է Toyota Camry մակնիշի մեքենա, երբ ԱԺ նախագահի օգնական էր։ Ըստ 2022 թվականի հայտարարատու տարվա՝ Կոստանյանը նույն մեքենան գնել է 2018 թվականին։ Այսինքն՝ արտաքին գործերի փոխնախարարը ոչ միայն չի կարողանում սահուն խոսել եւ բովանդակալից նախադասություններ կազմել, այլ նաեւ չի կարողանում ճիշտ լրացնել սեփական եկամուտների մասին հայտարարագիրը եւ մույն մեքենան երկու անգամ արդեն գնել է։

Երբ Կոստանյանն ակտիվ հեղափոխական էր եւ պայքարում էր պարտադիր զինծառայության դեմ, չէր էլ կարող մտածել, որ մի օր իր տարեկան եկամուտները կաճեն՝ 276 հազարից դառնալով տարեկան 7 մլն 739 հազար դրամ, որը միայն աշխատանքի վարձատրությունն է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ չհաշված գործուղումների համար ստացված օրապահիկները: Ըստ 2023 թվականին ներկայացրած հայտարարագրի՝ նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 100 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 906 հազար դրամ, սակայն 2019 թվականին ներկայացված հայտարարագրում փոխնախարարի ֆինանսական միջոցները կազմել են միայն 300 եվրո։

Այսինքն՝ հեղափոխական իշխանությունները, որոնք նախկիններին մեղադրում էին պետության հաշվին գումարներ եւ ունեցվածք դիզելու համար, այժմ էլ իրենք են նույն գործով զբաղված եւ՝ առավել ինտենսիվ։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս