Արցախում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետևանքով արցախցիների կողմից ՀՀ տեղափոխվելուց հետո տարբեր շրջանակների կողմից սկսվել են ամենատարբեր տեղեկություններ շրջանառվել նախկին ու գործող պաշտոնյաների վերաբերյալ` հափշտակություններ, պետական տրանսպորտային միջոցների յուրացման դեպքեր և այլն:
Երեկ ArmLur.am-ին տեղեկություններ էր հասել այն մասին, որ Արցախի նախկին պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը պաշտոնը թողնելուց առաջ Արցախում գործող հիմնադրամներից 150 մլն դրամի չափով փոխառություն էր ստացել:
ArmLur.am-ը կապ է հաստատել Արցախի ներդրումային, իսկ հետո նաև ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների տնօրենների հետ:
Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Սևակ Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ այն իրականությանը չի համապատասխանում․ Գուրգեն Ներսիսյանը հիմնադրամից փոխառություն չի ստացել, որովհետև եթե ստացած լիներ, ապա ինքը պետք է տրամադրեր այն, իսկ նման բան չի եղել: Նա հավելեց, որ Գուրգեն Ներսիսյանի պաշտոնավարման ընթացքում վերջինս, որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, երբևէ նույնիսկ ծանոթ կամ մերձավոր անձի համար փոխառություն տրամադրելու հարց չէր բարձրացրել, ավելին, նրա օրոք հիմնադրամի կողմից վարկավորման ծրագրերը համարյա դադարեցվել են և սկսվել է նախկինում տրված փոխառությունների հավաքագրման գործընթացը:
Երբ բոլորը համարում էին, թե շրջափակման ընթացքում այդ հարցերը օրակարգային չեն, հիմնադրամը դատարան էր ներկայացրել մի քանի միլիարդի հասնող պարտավորությունների բռնագանձման պահանջ, որում մեծ էին Գ.Ներսիսյանի ջանքերը: Ս.Հարությունյանը շեշտեց նաև, որ վերջին օրերին այդ տեղեկության կապակցությամբ շատ են դիմել իրեն և ինքը բոլորին պարզաբանել է, որ այդ տեղեկությունը կեղծ է:
Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Հայկ Ադամյանն էլ հայտնեց, որ ինքը այդ պաշտոնից ազատվել է 2023թ. սեպտեմբեր ամսին, երբ Գուրգեն Ներսիսյանը այլևս պետական նախարար չէր: Համատեղ աշխատանքի ընթացքում Գուրգեն Ներսիսյանը երբևէ հիմնադրամից գումար չէր ստացել, ավելին, նրա պաշտոնավարման ընթացքում ամբողջությամբ կասեցվել է նախկինում կնքված պայմանագրերի հիման վրա գումարների տրամադրման գործընթացը, իսկ նոր վարկեր տրամադրվել են միայն նրանց, որոնց կոնկրետ խնդիրներ էին առաջադրվել շրջափակման հետևանքները մեղմելու համար, ընդ որում խոսքը մինչև 3 մլն դրամի չափով փոխառությունների մասին է:
ArmLur.am-ը զրուցեց նաև Գուրգեն Ներսիսյանի հետ, ով հայտնեց, թե ինքը ևս լսել է այդ կեղծ տեղեկության մասին։
«Ամենայն հավանականությամբ այդ լուրերը տարածում են նրանք, ովքեր սեփական փորձի հիման վրա ուղղակի չեն պատկերացնում, որ հնարավոր է լինել Արցախում գործող հիմնադրամների հոգաբարձուների նախագահ ու չօգտվել այդ հնարավորությունից: Ես երևի միակ արցախցին եմ, ով Արցախում գործող ոչ մի հիմնադրամից երբևէ հազար դրամ գումար անգամ չեմ ստացել, կնկնում եմ՝ երբևէ: Ավելին ասեմ, իմ պաշտոնավարման ընթացքում հիմնադրամներից գումար չեն ստացել նույնիսկ իմ ընկերները, բարեկամները, մտերիմները։ Եթե հանկարծ նման մի դեպք լինի, կարող եք հանգիստ վերագրել ինձ: Իմ պաշտոնավարման ընթացքում ինձ ճանաչող գրեթե բոլորը ինձանից նեղանում էին հենց այդ պատճառով, որ իմ դիրքը նրանց համար որևէ առավելություն կամ հնարավորություն չէր ստեղծում: Բացի դրանից, նման լուրեր տարածողները այնքան պրիմիտիվ են, որ նույնիսկ չեն հասկանում, որ այդ ամենը շատ հեշտ պարզվող բան է և ամենևին փաստաթղթերի ոչնչացման մասին տարածվող լուրերը իրենց չեն կարող փրկել: Անկախ նրանից, թե ինչ փաստաթղթեր են ոչնչացվել, ի վերջո էլեկտրոնային բազաներ կան, ինչ-որ մեկին գումար տալու համար բանկային հաշվեհամարներ են բացվում, փոխանցումներ են կատարվում, դրանք հո չես կարող ոչնչացնել: Ամեն դեպքում այդպիսի երևույթները ինձ համար արդեն զարմանալի չեն։ Ես այդ գործիքին արդեն մի քանի անգամ բախվել եմ»,-հայտարարեց Ներսիսյանը: