Ֆրանսիայի դեսպանը եղել է Վայոց ձորի մարզում. քննարկվել են համագործակցության հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ այցելած Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Օլիվիե Դըկոտինյիին։

Մարզպետ Ա․ Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է մարզում հայ-ֆրանսիական բարեկամության և համագործակցության շրջանակներում կատարված միջոցառումները՝ կարևորելով միջտարածաշրջանային փոխգործակցության, ֆրանսերենի ուսուցման, կրթական և մշակութային միջոցառումների կազմակերպման, ֆրանկոֆոն արժեքների տարածման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Մասնավորապես նշվեց սույն թվականի մայիսի 2-ին Վայոց_ձորի մարզի և Օ-Դը Ֆրանս ռեգիոնի միջև հաստատված համագործակցությունը, որի շնորհիվ հնարավորություն ստեղծվեց ընդլայնել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակները և փոքրիկ, բայց արժեքավոր ներդրում ունենալ երկու երկրների միջև համագործակցության շարունակական ամրապնդման գործում:

Կարևորվեց նաև մարզում գործող «Մաշտոց» հրատարակչական հիմնադրամի աշխատանքը, որը շատ կարճ ժամանակամիջոցում, համախմբելով շուրջ հարյուր թարգմանիչների, թարգմանել և տպագրել է գրքեր նաև ֆրանսերենից՝ նպաստելով ֆրանսիական մշակույթի ու արժեքների տարածմանը ոչ միայն մեր մարզում, այլև ամբողջ երկրում:

Հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում մարզում ստեղծված հումանիտար իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Օլիվիե Դըկոտինյին նշեց, որ Ֆրանսիան առաջին օրերից իսկ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել բարեկամ հայ ժողովրդին։

Կողմերը հույս հայտնեցին, որ հաջորդ հանդիպումը կլինի ընդլայնված ձևաչափով, և դեսպան Օլիվիե Դըկոտինյին հնարավորություն կունենա տեղում ծանոթանալ մարզի տնտեսությանը, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների ներուժին, մշակույթին և ժողովրդին՝ հետագա համագործակցությունն ավելի ամրապնդելու և նոր նախաձեռնություններով համալրելու նպատակով։




Լրահոս