Շարունակելու եմ մշտապես զբաղվել գերեվարված հայրենակիցների վերադարձի հարցով․ Թագուհի Թովմասյանը դիմում է միջազգային գործընկերներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․

«Միջազգային գործընկերներիս հետ գրավոր և բանավոր հաղորդակցությունների ժամանակ շարունակում եմ բարձրացնել հայ գերիների խնդիրը՝ հիշեցնելով, որ 2020թ.-ից սկսած մինչ օրս Ադրբեջանը Հայաստանի և Արցախի քաղաքացիներին տարբեր իրավիճակներում գերեվարում է:

Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով թե՛ միջազգային իրավունքի սկզբունքները, թե՛ ստանձնած միջազգային պարտավորությունները, շարունակում է Բաքվի բանտերում պահել հարյուրավոր ռազմագերիների և ապօրինաբար առևանգված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարներին, քաղաքացիական անձանց։

Միջազգային գործընկերներիս ուղղված գրություններում շեշտել եմ, որ, օրինակ, Վագիֆ Խաչատրյանին հասցեագրվող մեղադրանքներն Արցախյան առաջին պատերազմի ընթացքում կատարած հանցագործությունների վերաբերյալ ամբողջովին կեղծ են և խնդրել եմ առարկայական ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին և մեր մյուս հայրենակիցներին Բաքվի բանտերից դուրս բերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

Շարունակելու եմ մշտապես զբաղվել գերեվարված հայրենակիցների վերադարձի հարցով այնքան ժամանակ, քանի դեռ հարցն իր արդարացի և ամբողջական լուծումը չի գտել։

Բոլոր իմ գործընկերներին հիշեցնում եմ, որ քանի դեռ Ադրբեջանի նկատմամբ գործուն պատժամիջոցներ չեն կիրառվել, նա շարունակում է նորանոր հանցանքներ գործել»:




Լրահոս