Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը «խորապես սգում է» Գազայի հատվածում Սուրբ Պորֆիրիոս վանքին հարող շենքի վրա հարձակման հետևանքով զոհվածների համար:
Հինգշաբթի երեկոյան տեղեկություններ հայտնվեցին, որ Գազայի հատվածում գտնվող Սուրբ Պորֆիրիոս հունական ուղղափառ եկեղեցին ավերվել է իսրայելական ռմբակոծությունների հետևանքով, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
«Մեր խորը վիշտն ենք հայտնում Գազայի հատվածում Սուրբ Պորֆիրի վանքին հարող շենքի վրա հարձակման հետևանքով զոհվածների համար», – ասվում է Հունաստանի ատաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Քաղաքացիների պաշտպանությունը և պաշտամունքի վայրերի և կրոնական հաստատությունների անվտանգությունը պետք է ապահովվի և հարգվի բոլոր կողմերից», – ասել է Աթենքը:
Al-Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարվածի հետևանքով զոհվել է ութ մարդ, կան վիրավորներ։
Տիբերիայից արքեպիսկոպոս Ալեքսիոսը, հունական հեռուստաընկերությանը հարցազրույց տալով հայտնել է, որ հարվածը հասցվել է վարչական շենքին և վանքի մուտքին, «նրանց ուղղությամբ հրթիռ են արձակել, և ամբողջ շենքը փլուզվել է»։
«Ներսում շատ քրիստոնյաներ կային, որոնցից շատերը վիրավորվեցին, և մենք ունենք նաև մահացածներ», – ասաց արքեպիսկոպոսը՝ հավելելով, որ վանքում ավելի քան 400 մարդ կա:
Երուսաղեմի պատրիարքարանը դատապարտել է իր եկեղեցու վրա հարձակումը և այն որակել որպես ռազմական հանցագործություն։
Օֆելյա Հովհաննիսյան