Այս պահին հաշվառված և նույնականացված է ԼՂ-ից բռնի տեղահանված 101 հազար 848 անձի տվյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը պարզաբանումներ է ներկայացրել էլեկտրոնային շտեմարաններում հաշվառման գործընթացի դադրեցման վերաբերյալ:

«Հոկտեմբերի 17-ից մենք դադարեցրել ենք տեղերից՝ ՀՀ տարածքում գործող 64 հումանիտար կենտրոններից ուղիղ մուտքագրումը անձանց տվյալների կենտրոնացված հաշվառման շտեմարան: Ըստ էության, բռնի տեղահանվածների ճնշող մեծամասնությունն արդեն իսկ հաշվառվել է:

Մենք ունենք հաշվառված և նույնականացված 101 848 ԼՂ-ից բռնի տեղահանված անձի տվյալներ, որոնցի 48 964-ը՝ արական սեռի, 52 884-ը՝ իգական: Մնացած բոլոր դեպքերում բռնի տեղահանված անձինք կարող են մոտենալ տեղական ինքնակառավարման մարմիններ, Երևանի պարագայում՝ թաղապետարաններ, մարզերի պարագայում՝ համայնքապետարաններ, և ներկայացնել իրենց տվյալները: Այդ տվյալները թղթային տարբերակով կֆիքսվեն, այնուհետև կփոխանցվեն Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որտեղ լրացուցիչ ուսումնասիրությունների, այլ տվյալների շտեմարանների հետ համադրման և ճշգրտման արդյունքում՝ նոր տվյալները կմուտքագրվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերաբերյալ տվյալների շտեմարան: Մենք սահմանել էինք վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ը:

Ըստ այդմ՝ կոչ ենք անում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հանրապետության տարածքում, որտեղ էլ որ նրանք լինեն, մինչև հոկտեմբերի 25-ը վերջնականորեն հաշվառվեն, եթե ինչ-ինչ պատճառներով դեռևս չեն հաշվառվել: Մենք գիտենք, որ նման անձանց թիվը բավականին քիչ է»,- ասել է Արմեն Ղազարյանը:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը տեղեկացրել է նաև, որ հաշվառվածներից 12 404-ը 65 և ավելի տարիքային խմբի անձինք են, 30 000-ը՝ մինչև 19 տարեկան:

Անդրադառնալով փաստաթղթեր չունեցող անձանց՝ Արման Ղազարյանը նշել է, որ նրանց թիվն այնքան էլ մեծ չէ:

«Տարածքային և Երևանի անձնագրային ծառայություններին հանձնարարական է տրվել, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սպասարկեն արտահերթ կարգով: Երևանում գործում է անձնագրային ծառայություններից օգտվելու համար էլեկտրոնային հերթագրման հարթակ, դա չի տարածվում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վրա:

Հնարավոր բոլոր տարբերակներով փորձում ենք անձանց նույնականացնել, նույնիսկ փաստաթղթերի վնասման, կորստի և այլնի պարագայում, վերականգնել փաստաթղթերը, վերականգնման անհնարինության պարագայում տրամադրել ժամանակավոր փաստաթղթեր, մինչև հավելյալ այլ հանգամանքների դուրս բերումը և փաստաթղթերի ամբողջական վերականգնումը»,- ընդգծել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը:




Լրահոս