
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ:
Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել նրա ակտիվ գործունեության համար ինչպես նաև՝ ի դեմս դեսպանի Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին՝ առկա իրողությունների համապատկերում Հայաստանի նկատմամբ ցուցաբերած աջակցության համար:
Դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր տպավորություններն է ներկայացրել վերջին օրերին իր կողմից Հայաստանի սահմանային հատվածներ կատարած այցելությունների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ֆրանսիական բազմաշերտ հարաբերությունների հետագա ամրապնդման և շարունակական զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Մտքեր են փոխանակվել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության և վերջինիս կարևոր դերակատարության շուրջ:
Երկուստեք ընդգծվել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման ու այս ուղղությամբ արվող հետևողական քայլերի անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ աշխատանքային շփումները: