ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս. Ե.-ն, օպերլիազոր Վ.Պ.-ն  եւ վկա Մ. Ե.-ն ծեծի են ենթարկել ձերբակալված անչափահասի պաշտպաններին: «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 9-ին հաստատել է Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի, օպերլիազորի եւ վկայի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

 

Դատախազությունից հիշեցնում են, որ 2023 թվականի փետրվարի 9-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձերբակալված անչափահաս Ռ.Տ.-ի, ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Վ.Պ.-Ի եւ տվյալ քրեական վարույթով վկա Մ.Ե.-ի մասնակցությամբ քննչական գործողության կատարման ընթացքում Ռ.Տ-ի պաշտպան Մ.Ա.-ի վերաբերյալ հնչել են հեգնական արտահայտություններ:

Քննչական գործողության ավարտից հետո պաշտպան Մ.Ա.-ն վկա Մ.Ե.-ին քննիչի աշխատասենյակից դուրս է հրավիրել եւ միջանցքում պարզաբանում պահանջել: Վկա Մ.Ե.-ն բաժնի միջանցքում գտնվող՝ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ի, օպերլիազոր Վ.Պ.-ի եւ քննությամբ չպարզված այլ ծառայողների ներկայությամբ հերքել է ինչպես իր, այնպես էլ ոստիկանության մյուս աշխատակիցների կողմից Մ.Ա.-ի վերաբերյալ հեգնական արտահայտություն հնչեցնելու հանգամանքը: Դրան ի պատասխան՝ Մ.Ա.-ն սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել այն անձանց հասցեին, որոնք իր վերաբերյալ նման արտահայտություն են արել: Այդ կապակցությամբ Մ.Ա.-ի եւ միջադեպին ներկա ՆԳՆ ոստիկանության ծառայողների միջեւ վիճաբանություն է առաջացել:

Վիճաբանության ընթացքում վկա Մ.Ե.-ն, Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ն եւ քննությամբ չպարզված ՆԳՆ ոստիկանության այլ աշխատակիցներ խմբի կազմում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել պաշտպան Մ.Ա.-ի գլխի եւ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։

Միջադեպին ներկա ձերբակալված անչափահաս Ռ.Տ.-ի մյուս պաշտպան Է.Ա.-ն միջամտել է ծեծկռտուքին, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել միջադեպին ներկա ոստիկանության աշխատակիցների հասցեին: Դրանից հետո վկա Մ.Ե.-ն օպերլիազոր Վ.Պ.-ի եւ քննությամբ չպարզված ՆԳՆ ոստիկանության այլ աշխատակիցների հետ միասին խմբի կազմում, պատասխան հայհոյանքներ հնչեցնելով, հարվածներ են հասցրել պաշտպան Է.Ա.-ի դեմքի եւ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։

2023 թվականի օգոստոսի 8-ին եւ օգոստոսի 9-ին դատախազը հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել քրեական վարույթով վկա Մ.Ե.-ի (2 դրվագ), Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ի եւ օպերլիազոր Վ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԿԱ

Մշակույթի նախարար Հասմիկ Ստեփանի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկեցավ, որ նա, 2012-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը եւ հանդիսանալով պետության անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն ի վնաս է օգտագործել պետական շահերի։

Նա օժանդակել է «Սոխոսենթր» ՍՊ ընկերության հիմնադիրներ Գոռ Դավթյանի եւ Հմայակ Ավագյանի, Հայկ Խալաֆյանի, Արման Պետրոսյանի, ինչպես նաեւ Նիկոլայ եւ Մարտունի Կոստանդյանների մասնակցությամբ եւ Արմեն Սմբատյանի կազմակերպած ու ղեկավարած հանցավոր խմբի կողմից պետական սեփականություն հանդիսացող «Երեւանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱ կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երեւանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով հողամասն առանց ՀՀ կառավարության 26.07.2012թ. N 1052-Ա որոշմամբ սահմանված պարտականությունների կատարման խարդախությամբ հափշտակելուն, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 166.103.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը:

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ ԶԻՆՎՈՐԻ ԳՈՐԾՈՎ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Նազարյանի մահվան գործով: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն՝ զինվորի մահվան գործով ձերբակալվել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող: Իրավապահ համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ զինծառայողն է կրակել Նարեկ Նազարյանի վրա եւ իրավապահներին ցուցմունք է տվել եւ հայտնել, որ պատահաբար է կրակել։ Իսկ թե պատահաբար է եղել, թե դիտավորյալ, կպարզի քննությունը:

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը. հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակից ընկերներին:

Նշենք, որ մահացած զինվորը Լոռու մարզի Գարգառ համայնքից էր։ Տան միակ որդին էր, ուներ մեկ քույր։ Նարեկ Նազարյանը ընդամենը 19 տարեկան էր եւ 7 ամսվա զինծառայող էր:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ

«Արցախբանկ» Մարտունու մասնաճյուղից 60 միլիոն դրամ եւ 100 պարկ գրավադրված ոսկյա զարդեր գողանալու գործով նախաձեռնվել է քրեական վարույթ: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին տեղեկանում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:

2023թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ «Արցախբանկ» ՓԲԸ գլխամաս է ներկայացել Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի «Արցախբանկ» ՓԲԸ կառավարիչը եւ հայտնել, որ սեպտեմբերի 22-ին, տեղեկանալով Արցախի Հանրապետության ժողովրդի տարհանման մասին, «Արցախբանկ» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղի ամբողջ գումարը՝ մոտ 60.000.000 ՀՀ դրամը, եւ մոտ 100 պարկ գրավադրված ոսկյա զարդերը վերցրել եւ դրել է իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ եւ գնացել տուն հաջորդ օրը ՀՀ մեկնելու նպատակով։ Հաջորդ օրը՝ առավոտյան, նկատել է, որ անհայտ անձը կոտրել է ավտոմեքենայի ապակին եւ սրահից գողացել է նշված գումարը եւ ոսկյա զարդերը։

Հաղորդման հիման վրա հոկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում,  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 254-րդ 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով գողությունը), նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն՝ հաղորդմամբ ներկայացված տեղեկությունները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու եւ հանգամանքները պարզելու նպատակով։

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Վայոց ձորի մարզի Սերս համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

«Տ.Մ.-ն, 2006 թվականի նոյեմբերի 9-ից մինչեւ 2016 թվականի հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Վայոց ձորի մարզի Սերս համայնքի ղեկավարի պաշտոնը, 2010 թվականի հուլիսի 6-ին գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող՝ 0,2 հա մակերեսով հողատարածքը տարեկան 3.000 դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով տրամադրել է Արարատ քաղաքի բնակիչ Թ.Հ.-ին: Թ.Հ.-ն ալեհավաք կայան տեղադրելու նպատակով ենթավարձակալության պայմանագիր է կնքել «Օրանժ-Արմենիա» ՓԲԸ կապի օպերատորի հետ եւ մինչեւ Սերս համայնքի ղեկավար Տ.Մ.-ի պաշտոնավարման ավարտը կապի օպերատորից ստացել է 3 մլն 840 հազար դրամ շահույթ, որից Սերս համայնքի բյուջե վճարվել է ընդամենը 18 հազար դրամը: Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել համայնքի նախկին ղեկավար Տ.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):




Լրահոս