ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ՍԹՐԵՍԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ավելի քան 30,000 երեխաներ ստիպված են եղել փախչել իրենց տներից երկու շաբաթ առաջ իրենց համայնքներում ռազմական գործողությունների պատճառով». ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է, որ առանց անհապաղ աջակցության, նրանց հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ:

 

«Հայաստանում ապաստանած փախստական երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ»,-փաստում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ աշխատող սոցիալական աշխատողները, որոնք հատուկ աջակցություն են ցուցաբերում վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած երեխաներին եւ նրանց ընտանիքներին:

Գորիսում ՅՈՒՆԻՍԵՖ-ի երկու ապահով անկյուններում աշխատող սոցիալական աշխատողները, որոնք օրական սպասարկում են մինչեւ 300 երեխայի, հայտնել են, որ նրանք անհանգստության, վախի եւ զայրույթի զգացումներ ունեն, որոնք դրսեւորվում են մղձավանջներով, գիշերամիզությամբ եւ անսփոփելի լացով: Որոշ երեխաներ մեկուսացել են բոլորից, դարձել են անհաղորդ, անկարող են արտահայտել զգացմունքները կամ ըմբռնել պատահածը:

Ավելի քան 30,000 հայ երեխա է Հայաստան ապաստանել՝ երկու շաբաթ առաջ իրենց համայնքներում սկսած ռազմական գործողություններից ի վեր: Ի լրումն տեղահանության՝ այս երեխաները շարունակաբար բաց են թողել դասերը եւ ապրել են վտանգավոր, ոչ ապահով միջավայրում, եւ ինչպես պատմում են ընտանիքները, նոր հարձակումների վախի պարբերական զգացումով:

«Մենք հիմա տեսնում ենք, թե որքան շատ են տուժել այս երեխաները: Տեղահանումները եւ ռազմական գործողությունները, որոնք զուգորդվել են զրկանքներով, մեծապես ազդել են նրանց ֆիզիկական եւ հոգեկան առողջության, ինչպես նաեւ հոգեբանական բարեկեցության վրա: Երեխաները տարիներ շարունակ կրելու են այս անասելի տխրեցնող իրադարձությունների հետեւանքները, եթե շարունակական աջակցություն չստանան»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

«Հոգեկան առողջության համաշխարհային օրվա խորհրդով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում համապատասխան ներդրումներ կատարել հոգեկան առողջության եւ երեխաների հոգեսոցիալական աջակցության ուղղությամբ՝ հենվելով առողջապահական, սոցիալական պաշտպանության եւ կրթական համակարգերի վրա: Սա հավասարապես կարեւոր է ոչ միայն վաղ հայտնաբերման եւ անհապաղ աջակցության տեսանկյունից, այլեւ երկարաժամկետ հեռանկարում, քանի որ ընտանիքները շարունակելու են բախվել կորստի զգացմանը եւ հետտրավմատիկ սթրեսի հետ»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է համայնքներում Հայաստանի կառավարության եւ այլ գործընկերների հետ՝ օգնելու փախստական երեխաներին ստանալ անհրաժեշտ խնամք եւ ծառայություններ՝ հաղթահարելու իրենց առջեւ ծառացած մարտահրավերները: ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստում է առաջնագծում աշխատող մասնագետներին՝ հոգեբանական առաջին օգնություն եւ հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերելու համար: Առողջապահության նախարարության հետ միասին ՅՈՒՆԻՍԵՖ-ը ձեւավորել է շարժական մանկաբուժական թիմեր, որոնք հնարավորություն կտան ամբողջ երկրում սկրինինգների միջոցով բացահայտել եւ արձագանքել հոգեկան առողջության կարիքներին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը 12,6 միլիոն ԱՄՆ դոլարի հավաքագրման կոչ է անում՝ հետագա վեց ամիսների ընթացքում կարեւոր ծառայությունների, այդ թվում՝ կրթական, երեխաների պաշտպանության, առողջապահական, սնուցման, ինչպես նաեւ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար:

 

 

 

ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ՝ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Արցախից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով ԿԳՄՍՆ-ն հերթական շրջաբերական գրությունն է ուղարկել ուսումնարանների եւ քոլեջների տնօրեններին:

 

Համաձայն շրջաբերականի՝ նախարարությունն այս ընթացքում ստացել է մի շարք հարցեր  բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության շարունակության կազմակերպման դեպքում իրենց ուսումնառած եւ նախընտրած մասնագիտություններով առարկայական 8 տարբերությունների գերազանցման, ինչպես նաեւ ավագ դպրոց հաճախող կամ հիմնական կրթությունից հետո կրթությունից դուրս մնացած անձանց արհեստագործական ուսումնարան կամ քոլեջ ընդունվելու վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախարարությունը ՄԿՈՒ հաստատությունների  տնօրեններին տեղեկացրել է, որ անձի ուսումնառած եւ նախընտրած մասնագիտություններով 8 առարկայական տարբերությունների գերազանցման դեպքում անհրաժեշտ է նախարարության համաձայնությունը ստանալուց հետո հրամանագրել ուսումնառած կուրսից՝ հնարավորության դեպքում կազմակերպելով առարկայական տարբերությունների հանձնումը, կամ անձի (անչափահաս լինելու դեպքում ծնողի) համաձայնությամբ վերականգնել այն կուրսից, որտեղ չի գերազանցի 8 առարկան (մոդուլը): Անձի կողմից հարակից մասնագիտությամբ ուսումը շարունակելու եւ նրա մոտ ակադեմիական տեղեկանք կամ ուսումնառության վերաբերյալ տեղեկատվություն չլինելու դեպքում առարկայական տարբերությունները պետք է հաշվել ՀՀ-ում գործող համապատասխան մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների ուսումնական պլաններով:

Ավագ դպրոց հաճախած կամ հիմնական կրթությունից հետո կրթությունից դուրս մնացած անձանց թույլատրվում է կրթությունը շարունակել նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ վճարովի համակարգում, սակայն այդ դեպքում պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում հետագայում չի նախատեսվում:

Ուսանողական իրավունքի վերականգնման մերժման հիմք չի կարող հանդիսանալ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը: Ուսանողի դիմումն ընդունելուց հետո անհրաժեշտ է նրան թույլատրել մասնակցելու ուսումնական գործընթացին եւ հնարավորինս սեղմ ժամկետում դիմել  նախարարություն՝ վերականգնման համաձայնություն ստանալու համար:

ԼՂ-ում ընդհատված կրթության իրավունքի վերականգնման դեպքում պետական քոլեջներում եւ ուսումնարաններում կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում:

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ  ԽԱՅՏԱՌԱԿ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

Իջեւան համայնքի Ներքին Ծաղկավան գյուղի բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթին բողոքել են, որ գյուղի շատ բնակիչներ Ն. Ծաղկավան համայնքի նախկին ղեկավար Իսկանդար Մեհրաբյանի պատճառով հայտնվել են պարտքերի տակ: Գյուղացիների խոսքերով՝ իրենք Ի. Մեհրաբյանի խնդրանքով վարկեր են վեցրել, գումարները տվել Ի. Մեհրաբյանին, սակայն նա չի մարել վարկը, իրենք են հայտնվել վարկերի տակ։ Գյուղացիների վկայությամբ՝ վարչական ղեկավարը գյուղում շատերին գումարների պարտքեր ունի։ Ծաղկավանցիներն ասացին, որ ցանկացել են վարչական ղեկավարի դեմ բողոքել Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին, սակայն Մեհրաբյանն ասել է, որ Արթուրն իր ընկերն է, բողոքելն օգուտ չի տա: Այդ առթիվ տեղեկատվական հարցում ենք ուղարկել Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին։ Համայնքի ղեկավարի պատասխանում նշված է. «Ն. Ծաղկավան բնակավարի վարչական ղեկավար Իսկանդար Մեհրաբյանի հետ գտնվում ենք աշխատանքային հարաբերությունների մեջ, նա իմ ընկերը չէ, Իսկանդար Մեհրաբյանի անձնական խնդիրներից տեղյակ չեմ, եւ դա համայնքի ղեկավարի իրավասությունների եւ պարտականությունների մեջ ներառված չէ»։  2021 թվականին գյուղի վարչական ղեկավար նշանակված Իսկադար Մեհրաբյանը Ն. Ծաղկավանի բազում բնակիչների պարտքերի տակ է գցել, ի՞նչ անձնական խնդիրներ, այդ վիճակը տարիներ շարունակ է, համայնքի ղեկավարը  ինչո՞ւ տեղյակ չէ այդ մասին։ Արթուր Ճաղարյանը  գուցե տեղյակ չէ  այն մասին, որ իր  կողմից 2021 թվականին Իջեւան համայնքի Լուսահովիտ բնակավայրի վարչական ղեկավար նշանակված, միջնակարգ կրթությամբ Գրիգոր Սարհատյանը անասնագողության համար ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Գողությունը, որ կատարվել է խոշոր չափերով») 2016թ. մարտի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի վճռով դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, իսկ ապօրինի ծառահատումներ կազմակերպելու համար նույն դատավորի՝ Ռաֆիկ Մելքոնյանի 2020թ. դեկտեմբերի 11-ի վճռով դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման, սակայն դատավորը վճռել է պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան։

 

 

 

ՔԱՆԴՎԱԾ ԴԱՐԱՎԱՆԴ

Դիլիջանի ոլորաններում բազմաթիվ տեղեր դարավանդը անօրինական ձեւով քանդել, առեւտրի, սննդի օբյեկտների համար տեղ են բացել: Այդ առթիվ հարցում ենք արել շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, նախարարությունից  պատասխանել են, որ Դիլիջանի ոլորաններում դարավանդը քանդել են ոչ թե Դիլիջանի  ազգային պարկի, այլ Դիլիջան համայնքին պատկանող տարածքներում։ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, ոստիկանության Դիլիջանի բաժինը ցուցաբերել են անգործություն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս