«Հանրապետություն» կուսակցության փոխքաղաքապետի թեկնածուն՝ իրեն առաջադրելու և հնչող մեղադրանքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի փոխքաղաքապետերից մեկի պաշտոնում, ինչպես արդեն հայտնել ենք, առաջադրվել է ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանի թեկնածությունը:

Նա 2022թ-ից Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ է հանդիսանում:
Սարգիս Մադաթյանն ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Էդուարդ Մադաթյանի եղբորորդին է:

ArmLur.am-ը այս առիթով զրուցել է Սարգիս Մադաթյանի հետ:

-Պարո՛ն Մադաթյան, ըստ շրջանառվող տեղեկությունների, քննարկում էր գնում Անի Խաչատրյանի և Արտակ Զեյնալյանի թեկնածությունների շուրջ, ինչպե՞ս ստացվեց, որ դուք առաջադրվեցիք քաղաքապետի տեղակալի պաշտոնում:

-Դա «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի որոշումն է եղել: Իմ թեկնածությունն առաջադրվեց և քաղխորհուրդն ընդունեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես 2009-2014թթ-ին աշխատել եմ քաղաքապետարանում, որպես մասնագետ: Այսինքն հաշվի առնելով իմ մասնագիտական կարողությունները՝ առաջադրվեց իմ թեկնածությունն ու առաջադրվեց, ինչի համար շնորհակալ եմ: Անի Խաչատրյանի ու Արտակ Զեյնալյանի թեկնածության հարցը չի քննարկվել քաղաքական թիմում:

-Պարո՛ն Մադաթյան, փոխքաղաքապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ուստի ենթադրում է ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլև քաղաքական փորձ: Հաշվի առնելով, որ դուք ընդամենը մեկ տարի է՝ ինչ քաղաքական թիմի անդամ եք, արդյո՞ք ձեր քաղաքական փորձը բավարար է այդ պաշտոնը զբաղեցնելու համար:

-Ընտրություններից առաջ մենք նախընտրական ծրագիր էինք ներկայացրել ու մեծ ցանկություն ունենք մեր ծրագրեր իրականացնելու: Սա բարդ ճանապարհ է, որը պետք է անենք քաղաքական թիմով՝ ի շահ Երևանի, մեր ծրագիրը ոչ միայն քաղաքական է, այլ նաև պարունակում է մասնագիտական գործունեություն: Կարծում եմ կկարողանամ իմ առջև դրված քաղաքական խնդիրները լուծել:

-Պարո՛ն Մադաթյան, ձեր քաղաքական ուժին մեղադրում են որպես ընդդիմադիր ներկայանալու, քաղաքացիներից ձայներ ստանալու, հետո դրանք ՔՊ-ի հետ համագործակցության գնալու համար: Ստացվում է, ովքեր ձայն են տվել «Հանրապետության»-ը, համարելով ընդդիմադիր ուժ, իրականում ձայն են տվել ՔՊ-ին:
Չե՞ք կարծում, որ սրանով դեմ եք գնացել ձեր սկզբունքներին:

-Այս մասով արդեն մեր քաղաքական ուժի ղեկավար Արամ Սարգսյանը և քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը հայտարարություն արել են, պարզաբանել են, մեր կուսակցության էջում դա կա, իմ կողմից հավելելու բան չունեմ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս