ՊԱՇՏՈՆԱՍԻՐԱԲԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերի հրաժարականների շքերթն այնքան սրընթաց էր, որ վերլուծական շրջանակներն ու մամուլն այդպես էլ չհասցրին ըստ էության անդրադառնալ  դրանց խորքային պատճառներին եւ այդ հրաժարականներին ուղեկցած մի շարք ուշագրավ մանրամասների: Եւ այն գործոնները, որոնք ներկայացվեցին իբրեւ հրաժարականների դրդապատճառներ, ավելի շուտ բամբասանքների եւ գուշակությունների, քան իրականության տիրույթում էին: Իսկ դա արդեն ինքնին չափազանց խոսուն փաստ է, որն արտացոլում է մեր երկրում տիրող  համակարգային ճգնաժամը. երբ ամեն ինչ որոշվում է ոչ թե համակարգի, այլ բացառապես մեկ անձի կողմից, եւ հետեւաբար, հարկ չի համարվում այդ որոշումների պատճառների մասին տեղեկացնել ոչ միայն լայն հանրությանը, այլեւ  կառավարող համակարգի վերնախավին: Սա, իհարկե, լուրջ խնդիր է, որի լուծումը, սակայն, առաջիկա եւ անգամ հեռակա ապագայում տեսանելի չէ:  Հրաժարականների այս շքերթը երեւան հանեց նաեւ մեկ այլ օրինաչափություն: Այն է` պաշտոնից զրկված բոլոր այն գործիչները, որոնք գնալու տեղ ունեին` հեռացան արժանապատվորեն, իսկ նրանք, ովքեր չունեին` շարունակեցին Սերժ Սարգսյանին հաճոյանալու հուսահատ ու աղերսալից ջանքերը: Առաջինների թվում են երկու Կարեն Կարապետյանները: Գաղտնիք չէ, որ ե՛ւ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը, ե՛ւ Երեւանի նախկին քաղաքապետը Ռուսաստանում որոշակի պահանջարկ ունեն. առաջինը շնորհիվ եղբոր եւ ի դեմս ունեցած բիզնեսի, երկրորդն էլ շնորհիվ ռուսական էներգաբիզնեսում ունեցած լուրջ կապերի: Ինչ վերաբերում է հրաժարեցվածների երկրորդ խմբին` ի դեմս Ալիկ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի, ապա այստեղ իրավիճակն այլ է. չնայած այն բանին, որ թե՛ նախկին ոստիկանապետը, ու առավել եւս, թե՛  ԱԺ   նախագահը հսկայական բիզնեսներ ունեն արտերկրում, սակայն դժվար թե նրանցից որեւէ մեկը դրսում պահանջարկ ունենա: Այդ բիզնեսները նրանք ձեռք են բերել բացառապես Հայաստանում ունեցած պաշտոնի շնորհիվ, հետեւաբար, պաշտոնները կորցնելով` շատ արագ կարող են նաեւ դրսի բիզնեսները կորցնել: Ուստի հենց դա է պատճառը, որ ե՛ւ Ալիկ Սարգսյանը, ե՛ւ Հովիկ Աբրահամյանը ջանք չեն խնայում Ս.Սարգսյանին հավերժ սիրո ու հավատարմության ուշացած երդումներ տալու հարցում: Սակայն, ինչպես ասում են` «կՏպջՊ ցՔպս»: Ինչ վերաբերում է Ս.Սարգսյանի կողմից ավելի վաղ` մոտ մեկ տարի առաջ հրաժարեցված Գագիկ Բեգլարյանին, ապա պետք է նշել, որ վերջինս գոնե հրապարակային տիրույթում իրեն բավական արժանապատիվ է պահել` մշտապես շեշտելով, որ Ս.Սարգսյանն իր ընկերն է, որից, սակայն, ինքը նեղացած է: Ու թերեւս նաեւ հենց այդ պահվածքն է պատճառը, որ Սարգսյանը վերստին հիշել է Բեգլարյանին: Ամեն դեպքում, Ս.Սարգսյանի օրոք պաշտոնը կորցրածների մեջ միակ չկոտրվածն արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն է, որի պաշտոնանկությունը, սակայն, Հովիկ Աբրահամյանի բառերով ասած` «ուրիշ օպերայից» էր:




Լրահոս