Խուճապի մատնվել պետք չէ, ԼՂ-ից տեղահանվածներին 100 հազարական միանվագ դրամների վճարումները դադարեցված չեն. Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերը:

Ներկայացվել են նաև պարզաբանումներ սոցիալական տարբեր հարթակներով ստացված որոշ հարցերի վերաբերյալ:

«Մեկ կարևոր նկատառում՝ այսօր առավոտից Աշխատանքի և սոցիալական հարցերի 114 թեժ գծի համարին ստացվել են բազմաթիվ զանգեր այն մասին, որ 100 հազարական միանվագ դրամների վճարումները դադարեցվել են:

Ի պատասխան՝ ուզում ենք տեղեկացնել, որ գործընթացը կրում է շարունակական բնույթ: Շուրջ 95 հազար անձի գումարներն արդեն վճարվել են, մյուս դիմումներն այս պահին գտնվում են մշակման և ուսումնասիրման փուլում: Այդ տվյալները լրացվում են dimum.ssa.am հարթակում:

Խուճապի մատնվել պետք չէ, գործընթացը շարունակական բնույթ է կրում և հետագա վճարումները նույնպես կիրականացվեն»,- ասել է Նազելի Բաղդասարյանը:




Լրահոս