Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման հերթական տապալումը որևէ զարմանք չհարուցեց, քանի որ վաղուց արդեն ակնհայտ է, որ մարտիմեկյան դեպքերի բացահայտման մեջ մեր իշխանությունները, մեղմ ասած, այդքան էլ շահագրգռված չեն: Նրանցից յուրաքանչյուրը, «սրտացավ» լինելով մեր երկրի ապագայի համար, շատ ավելի «կարևոր խնդիրներ է իր առջև դնում»: Օրինակ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԱԽՔ) Արթուր Բաղդասարյանը երեկ զբաղված էր Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության պատվիրակությանը և քննարկել Հայաստանում տիեզերագիտության ոլորտի զարգացման հեռանկարները:
Սա հիշեցնում է հայտնի «12 աթոռ» ֆիլմի հերոս Օստապ Բենդերի դասախոսությունը Վասյուկի քաղաքի շախմատային ակումբի անդամների համար, որտեղ մեծ կոմբինատորը նույնիսկ շախմատ խաղալ չիմանալով ` արդեն պլանավորում էր միջմոլորակային շախմատային առաջնության անցկացումը Վասյուկիում:
Հիմա էլ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանն է Հայաստանում զարգացնում տիեզերագիտությունը ` իբրև թե մնացած ոլորտներն էլ այնքան զարգացած են, որ մեզ միայն տիեզերագետներն ու տիեզերագնացներն են պակասում:
Պետք է փաստել, որ հատկապես տիեզերագնացների հանդեպ առանձնահատուկ սերը հայ իշխանավորների մոտ դեռ վաղուց է նկատվում: Հիշենք, թե ինչպես 2011-ին երկաթուղայինի համազգեստով և Գալիլեյո Գալիլեյի վերածնունդը ներկայացող` ինքնակոչ տիեզերագնաց Արթուր Պողոսյանին մեծ պատվով ընդունեցին ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը և ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Եթե դրան էլ ավելացնենք էպոսագետ Վարդան Սեդրակյանի` անհասկանալիորեն ասպարեզ մտնելն ու հեռացվելը ` տիեզերքի հետ կապ ունենալու մասին իր բացահայտումներով, ապա կարելի է եզրակացնել, որ այս ոլորտը մեր երկրում, իրոք, զարգացման հեռանկարներ ունի: Սա, երևի, ըստ Արթուր Բաղդասարյանի…
Մեկ այլ առումով ` աշխարհի քարտեզի վրա Հայաստանից հյուսիս գտնվող մեծ «տիեզերքի» հետ կապը մեր իշխանություններին հաջողվում է ամրապնդել, հատկապես սեպտեմբերի 3-ից հետո այս ոլորտը զարգացնում են բավականին արագ տեմպերով: