Քննարկվել են հայ-հունգարական ոլորտային համագործակցության հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Փանիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է պատվիրակության անդամներին և կարևորել ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում հայ-հունգարական համագործակցության ընդլայնումը ու զարգացմումը:

«Մեր երկրների միջև համագործակցության ներուժը թույլ է տալիս խորացնելու հարաբերությունները մշակույթի, կրթության, գիտության, ինչպես նաև երիտասարդության և սպորտի ոլորտներում: Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ հատկապես ուզում եմ մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի կապակցությամբ: Հույս ունեմ, որ Հունգարիան կկիրառի իր հեղինակությունը և գործուն քայլեր կձեռնարկի կանխարգելելու վանդալիզմը, որի հավանականությունը 2023 թվականի բռնի տեղահանումից հետո ավելի մեծ է»,- նշել է նախարարի տեղակալը:

Ալֆրեդ Քոչարյանն առաջարկել է նաև դիտարկել մշակույթի այլ ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունները, մասնավորապես՝ համատեղ իրականացնելով համերգներ, ցուցահանդեսներ, մշակութային գործիչների փոխայցելություններ և այլն:

Կողմերն անդրադարձել են նաև հայ-հունգարական համագործակցության հեռանկարին կրթության բնագավառում:

Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Փանին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարները: Վերջինս ընդգծել է՝ Պազմանի կաթոլիկ համալսարանում ակտիվ գործունեություն է ծավալում հայագիտության ամբիոնը:

Կողմերը կարևորել են ինչպես Հայաստանում հունգարերենի տարածմանն ու ուսումնասիրմանն ուղղված քայլերը, այնպես էլ Հունգարիայում հայերենի ուսուցման և միջմշակութայաին կապերի զարգացման հնարավորությունների ստեղծումը:

Հանդիպման ընթացքում քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:




Լրահոս