Իջևանյան աղբամանների ոդիսականը կամ ինչ է թաքցնում Իջևանի համայնքապետարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ անդրադարձ էինք կատարել Իջևանի համայնքապետրանի գործունեությանը և նշել էինք, որ ամիսներ առաջ կնքվել է աղբամաններ և ծաղկամաններ ձեռք բերելու պայմանագիր, որոնք մինչ օրս չեն տեղադրվել համայնքում։

Հրապարակմանը հաջորդել էր Իջևանի համայնքապետարանի պարզաբանումը։ Վերջիններս հղում էին կատարել «Գնումների մասին օրենքի» տասնհինգերորդ հոդվածի վեցերորդ կետին և հայտնել, որ հիշյալ գույքը ձեռք չեն բերել ֆինանսական միջոցներ չլինելու պատճառով։ Օրենքը թույլ է տալիս ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չկատարել պայմանագրով նախատեսված գնումը, իսկ պայմանագրի կնքումից վեց ամիս հետո այն մեխանիկորեն լուծվում է։

Այս ամենը տարօրինակ չէր լինի և հավելյալ հարցեր չէր առաջացնի, եթե մենք չստանայինք տեղեկատվություն, որ վերոհիշյալ գույքն այնուամենայնիվ ձեռք է բերվել։

Նոր մրցույթի մասին տեղեկատվություն գնումների օնլայն համակարգում չկա։ Կարելի է ենթադրել, որ այն կատարվել է մեկ անձից և չի հրապարակվել։

Պարզ է, որ խնդիրը ֆինանսը չի եղել, որովհետև գնումը կատարվել է։ Հետևաբար հարց է առաջանում ինչը կարող էր դառնալ մրցույթում հաղթած և ամենացածր գին առաջարկած ընկերությունից ձեռք չբերելու պատճառ, եթե ոչ կոռուպցիոն ռիսկերը և դրանք ցանկալի մատակարարից ձեռք բերելու ցանկությունը։ Վերջապես ումից և ինչ գնով են ձեռք բերվել այդ աղբամանները։

Առաջնորդվելով այս տրամաբանությամբ՝ կատարել ենք սեփական հետաքննությունը՝ ցանկալի մատակարարին որոնելով մրցույթին մասնակից չհաղթած ընկերությունների մեջ։ Ըստ տրամաբանության այդ ընկերությունը պետք է մասնակցած լիներ մրցույթին և իր կամքից անկախ պայմաններում ավելի կոնկրետ թանկ գին առաջարկած լինելու հանգամանքով պայմանավորված չհաղթեր մրցույթում։

Հիշյալ մրցույթին մասնակից ընկերությունների մասին հասանելի ինֆորմացիան՝ էլ հասցե, գործունեության հասցե, ՀՎՀՀ, հեռախոսահամար, հրապարակված է մրցութային փաստաթղթերում։ Դրանցից միայն մեկը՝ Հրայր Բաղդասարյան ԱՁ-ն է, որ գրանցված է և իր գործունեությունն իրականացնում է իջևանյան հասցեում։ Ի սկզբանե կենտրոնանալով այս ԱՁ-ի վրա և ուսումնասիրելով նրան վերաբերվող հրապարակային տվյալները՝ Հրայր Բաղդասարյան ԱՁ-ին կցված հեռախոսահամարով կոնտակտ հայտնաբերեցինք «Վայբեր մեսենջերում», որին կցված է նաև լուսանկար։ Այս լուսանկարով, կիրառելով համացանցում լուսանկարներով որոնման գործիքներ, որոնում կատարելու արդյունքում հասկանալի դարձավ, որ լուսանկարի անձինք Հրայր Բաղդասարյան ԱՁ-ի սեփականատեր Հրայր Բաղդասարյանը և դեռևս մեզ անհայտ ոմն Անահիտ Նազինյանն են, որոնք համատեղ լուսանկարներ ունեն նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Դատելով լուսանկարներից՝ նրանք ամուսիններ են։ Անահիտ Նազինյան անուն ազգանունը հանդիպում է նաև Իջևանի համայնքապետարանի գնման փաստաթղթերում։ Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ նա համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետի տեղակալն է և հավանաբար համակարգում է հենց գնումների գործընթացը։ ArmLur.am-ի կողմից ուսումնասիրված գնման փաստաթղթերում կա մի փաստաթուղթ, որտեղ Նազինյանը մրցությային հանձմաժողովի այլ անդամների հետ ստորագրությամբ փաստում է, որ մրցույթին մասնակից ընկերությունների հետ, որոնցից առնվազն մեկը պատկանում է իր ամուսնուն, չունի շահերի բախում։

Համադրելով ներկայացված փաստերը՝ դժվար չէ կռահել, թե ինչու գնման ընթացակարգով նախատեսված ապրանքները ձեռք չեն բերվել հաղթող ընկերությունից։ Ինչն է օրենքներին հղում անելով, սակայն ակնհայտորեն արհեստական խոչընդոտներ ստեղծելու միջոցով արդեն իսկ կնքված մատակարարման պայմանագիրը չեղարկման հասցնելու պատճառը։ Խնդիրը ֆինանսը չէ, նախատեսված ապրանքները ձեռք են բերվել, պարզապես ուրիշ մատակարարից։ Վերջապես որը կարող է լինել հավանական մատակարարը, որից իրականացվել է գնումը և ինչ հնարավոր ռիսկեր կարող է պարունակել այս գործընթացը։

Ք․ Մ․




Լրահոս