Սա ընդամենը դատարկ կրակոց է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի բոլոր 6 խմբակցությունների առանձին պատգամավորների համահեղինակությամբ խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը  վերաբերում է զանգվածային լրատվության միջոցների աշխատանքին: Օրենքի նախագծով պատգամավորները պայքար են մղում սոցիալական ցանցերում տարածում գտած կեղծ օգտատերերի ` ֆեյքերի դեմ: Վերջին շրջանում ֆեյքերի միջոցով  վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվություն են տարածում, որը խախտում է  մի մի շարք անձանց ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արժանապատվության իրավունքը:

«Ժողովուրդ» օրաթերթի  խմբագիր Թագուհի  Թովմասյանը, այսօրվա մամլո ասուլիսում  հղում անելով օրինագծի մի շարք կետերին, կարծում է, որ այս օրինագծով ֆեյքերի դեմ հնարավոր չի լինի պայքարել ՝ ավելին` այս օրինագծի ընդունումը դատարկ կրակոցի ու  անիմաստ պղպջակի ազդեցություն  կունենա: «Ոչ ոք չի կարող պարզել  ֆեյքերի ինքնությունը, քանի որ եթե նկատել եք, առայսօր ուժային կառույցներից ոչ ոք հանձն չի առել դրանց բացահայտել, եթե չկա հարուցված քրեական  գործ»,- ասաց թերթի խմբագիրը` հավելելով, որ եթե խոհեմություն ունենան օրինագծի պատգամավորները, ընթացք չեն տա այս նախագծին: Սա հում նախագիծ է, որոնցով չեն կարողանա պայքարել մարդու իրավունքների ու արժանապատվության համար ու ֆեյքերի դեմ»:

Թագուհի Թովմասյանը նաև հայտարարեց, որ  ՀՀ-ը Եվրախորհրդի անդամ է, մի կառույց, որը հարգում է մարդու անանունության  իրավունքը, հետևաբար անգամ այս տեսանկյունից  հնարավոր չէ պայքարել  ֆեյքերի դեմ:

Օրինագիծը հեղինակել էին մի շարք պատգամավորներ, որոնցից մեկը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է: Իր խոսքն ուղղելով նրան` Թ. Թովմասյանն ասաց, որ  նա կարող էր  դիմել դատարան, ոչ թե իր աղբյուրներով փակել այն կայքը, որն վիրավորանք էր  տարածել պատգամավորի հասցեին:

«Ֆեյքերի դեմ պայքարելու համար պետք  է հասկանալ, ով է այսօր լրատվամիջոց, որը ոչ: Երկրորդ ` ոչ ուշ 12  ժամվա ընթացքում, եթե վիրավորանքի մասին  տեղեկատություն է տարածվում կայքերում, որոնք 12 ժամվա ընթացքում չեն հեռացնում, ապա   պատիժ են կրում: Կարծում եմ `12 ժամը բավական է, որ մարդը հեղինակազրկվի»,- ասաց օրաթերթի խմբագիրը:

Ի դեպ, ինչպես տեղեկացրեց Թագուհի Թովմասյանը, առաջիկայում մի շարք թերթեր   դատական հայցերով հանդես կգան այն կայքերի դեմ, որոնք կամ առանց հղումի թերթերի նյութը հրապարակում են կամ այն հրապարակում են ամբողջությամբ:




Լրահոս