Կանադայի արտաքին գործերի նախարարն այսօր Հայաստան կգա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին:

ՀՀ ԱԳՆ լրատվականի հաղորդագրության համաձայն՝ այսօր կկայանա Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը` պատվիրակությունների մասնակցությամբ: Ապա տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Մելանի Ժոլիի համատեղ մամուլի ասուլիսը։

Կանադայի արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում նախատեսվում են նաև հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատրյանի հետ:

Ժոլին նաև պաշտոնապես կբացի Երևանում Կանադայի դեսպանատունը, որը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և Կանադայի աճող աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ասված է հաղորդագրությունում:

Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարը կուսումնասիրի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով տեղահանված հազարավոր մարդկանց հրատապ կարիքները հոգալու ուղիները, փոխանցում է պաշտոնական Օտտավան:

Մելանի Ժոլին կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականության մեկուկես միլիոն զոհերի հիշատակին և վերահաստատելու «ուրացման և ռևիզիոնիզմի ցանկացած ձևի դեմ պայքարին Կանադայի նվիրվածությունը», – ասված է հաղորդագրությունում:




Լրահոս