ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախցիները դասագիրք են փնտրում․ ԿԳՄՍ նախարարությունը թերանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո շուրջ 100 հազար և ավելի մարդ բռնի տեղահանվեց Հայաստան, նրանցից շուրջ 30 հազարը երեխաներ են։ Բռնի տեղահանումից հետո գրեթե բոլոր նախարարությունները լծվեցին նրանց աջակցելու գործին, այդ թվում նաև ԿԳՄՍ նախարարությունը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում էր, որ նախարարությունը պատրաստ է նրանց տրամադրել նոր դասագրքեր և գրենական պիտույքներ։

ArmLur.am-ը հոկտեմբերի 11-ին  հարցումով դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը՝ հասկանալու համար, թե ինչ փուլում է դասագրքերի տպագրությունը, որտեղից մեզ պատասխանել  էին․

«Տեղեկացնում ենք, որ 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը տպագրվել և բաշխվել են հանրակրթական ուսումնական հաստատություններին, իսկ 2-րդ դասարանի դասագրքերի տպագրությունն ամբողջությամբ ավարտվել է. բաշխման գործընթացը շուտով կավարտվի: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներից շուրջ 14000-ը արդեն ընդգրկվել են ուսումնական հաստատություններում: Գույքագրման փուլում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների դասագրքերի պահանջը, որից հետո սահմանված կարգով դպրոցականները կապահովվեն դասագրքերով»։

Բռնի տեղահանումից անցել է գրեթե մեկ ամիս, հարցման պատասխան ստանալուց անցել է գրեթե 10 օր, սակայն մինչև հիմա Արցախից բռնի տեղահանված աշակերտները  դասագիրք չունեն, նրանք այն փնտրում են աջակցման խմբերում, խնդրում նվիրել դասագրքեր։

Էմմա Միքայելյան




Լրահոս