Հոկտեմբերի 26-ին էկրաններին կհայտնվի «Ռոզալի» ռոմանտիկ կատակերգությունը: Հայաստանյան գաղտնի լաբորատորիաներից մեկում գիտնականները կարողանում են ստեղծել յուրօրինակ կին-ռոբոտ: Ռոզալին աչքի է ընկնում ոչ միայն հզոր արհեստական բանականությամբ. նրանում ինտեգրված են սինթետիկ հորմոններ, որոնց շնորհիվ կարողանում է մտածել ու զգալ իրական մարդու պես: Սա աննախադեպ ձեռքբերում է նանո-տեխնոլոգիաների ոլորտում: Բայց որպեսզի Ռոզալին «մարդ դառնա», պիտի ունենա մարդուն բնորոշ բոլոր զգացմունքները՝ սեր, խանդ, կիրք, երջանկություն, ատելություն ու կարոտ: Ռոբոտի փորձարկման վերջին փուլին համաձայնում է մասնակցել պարտքերի մեջ խրված ու սեփական ստերի մեջ խճճված մի երիտասարդ: Եվ եթե «բանական» ռոբոտը կարող է սիրահարվել սովորական մարդուն, ապա անուղղելի ստախոսն ու խարդախը, սիրահարվելով, կարող է դառնալ իսկական հերոս:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ֆիլմը նկարահանվել է «Շարմ Հոլդինգի» հետ համագործակցությամբ:
«Իր ֆիլմադարանում «Շարմ Հոլդինգն» ունի մի շարք ֆիլմեր՝ «Մեր Բակը․ 25 տարի անց», «Հյուսիս-հարավ», «Փեսացուն կրկեսից», «Poker.am», «Պահանջվում է միլիոնատեր», «Կյանք ու կռիվ», «Կյանք ու կռիվ․ 25 տարի անց», «Քայլ ձիով» «Վիշապ» և այլն: Այս անգամ ևս ստեղծողները ներկայացրել են որակյալ արտադրանք՝ իրենց բնորոշ ոճով»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեցին «Շարմ Հոլդինգ»-ից:
Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, սցենարի հեղինակները՝ Աշոտ Աբրահամյանը, Դավիթ Բաբախանյանն ու Ռուբեն Ջաղինյանը:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ստեղծողների կողմից սցենարիստների հետ միասին մանրակրկիտ հետազոտություն է իրականացվել նախքան նկարահանումները:
«Այսօր արհեստական բանականությունը շատ գրավիչ է, և առհասարակ միջազգային տենդենց կա այդ ուղղությամբ․ ու մենք, ելնելով պահանջարկից, ստեղծել ենք ֆիլմ այն մասին, որ ինչքան էլ արհեստական բանականությունը գնալով հայտնվում է առաջատար դիրքերում, միևնույն է մարդկային զգացմունքները՝ սերը, բարությունը մնում են ամենաարդիականն ու արժեքավորը»,- տեղեկացնում են «Շարմ Հոլդինգ»-ից:
Նկարահանումները անցկացվել են Հայաստանում՝ Երևանում և մարզերում: Ինչ վերաբերում է դերասաններին՝ նրանք նույնպես ընտրվել են արհեստական բանականության միջոցով:
«Արհեստական բանականությունը եկավ, գտավ այն դերասաններին, որոնց մենք հետագայում հրավիրեցինք նկարահանվելու»,- հայտնում են ֆիլմը ստեղծողները:
Հավելենք, որ գլխավոր դերերում են Տարոն Իսպիրյանը, Նաստասյա Գոլովկոն, Սուրեն Թումասյանը, Վազգեն Զաքարյանը, Ալբերտ Սաֆարյանը, Լիլիթ Ավդալյանը և այլք:
Մարիամ Ղազարյան