«Տղամարդու կաշվից կոշիկ». Արամ Մանուկյանը ՝ գովազդի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովում շարունակվում է քննարկվել ԶԼՄ-ներում ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գովազդը թույլ տալու մասին օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ օրենքի նախագծով առաջարկվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թույլ տալ ծխախոտի գովազդը, ինչպես նաև ժամը 06:00-ից մինչև 22:00-ը ` թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր):  Նկատենք, որ մինչև այդ գործում էր արգելք, որը և դրել էր Ազգային ժողովը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը շեշտեց, որ 1996 թվականին ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների գովազդի արգելքի մասին ընդունված օրենքի նախագծի համահեղինակներից մեկն ինքն է եղել: Երեք տարի աշխատել է նախագծի վրա, ուսումնասիրել շուրջ 20 երկրի նմանօրինակ օրենքի նախագծերը: Այժմ երբ ԱԺ է բերվել փաստացի արգելքը հանելու մասին օրենքի նախագիծը, Արամ Մանուկյանն անդրադարձավ մի շարք խնդիրների:

Նա բացասական համարեց այն, որ եթերի ժամանակ գովազդի ձայնը բարձրացվում է, ինչը սթրես է առաջացնում, ինչպես նաև, ըստ Արամ Մանուկյանի, գովազդների մեծ մասը հակացուցված է երեխաների համար: Նա շեշտեց նաև գովազդներում առկա անգրագիտությունը ՝ որպես օրինակ բերելով գովազդում հնչող «կանացի վարսավիրանոց», «տղամարդու կաշվից կոշիկ» արտահայտությունները:

«Ասեմ ավելի վատ օրինակներ: Քանի տարի է ՝ ինտենսիվ կերպով գովազդվում է արտագաղթը. գովազդվում են այն ավտոբուսներն ու տրանսպորտային միջոցները, որոնցով հնարավոր է գնալ օրինակ Ռուսաստանի ցանկացած քաղաք էժան գնով»,- նկատեց պատգամավորը ՝ շեշտելով, որ  ստացվում է, որ մենք «ուտում ենք» գովազդ, որտեղ գովազդվում է մարդկանց տեղահանությունը:

«Չի կարելի է մեկ մարդու կամքը բերել խորհրդարան ու միաձայն քվեարկել: Ձեր երեխեքը, որ հարցնում են ՝ «ոնց քվեարկեցիք», ասում եք ՝ «Գալուստ Սահակյանն ոնց ասել, այնպես էլ քվեարկել եմ: Քվեարկեք այնպես, ինչպես դուք եք մտածում, այստեղ գոնե կեսը ունի քաղաքական մտածողություն»,- եզրափակեց Արամ Մանուկյանը ՝  կոչ անելով դեմ քվեարկել օրենքի նախագծին:

 




Լրահոս