Կանադան աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։
Կանադացի նախարարը կարևորել է ուժի չկիրառման սկզբունքի պահպանումը և կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հարգել հայ բնակչության՝ իրենց տներ վերադառնալու իրավունքները։ Նախարարը հիշեցրել է, որ սեպտեմբերի 19-ի ագրեսիային նախորդել է Լեռնային Ղարաբաղի բազմամսյա ապօրինի շրջափակումը։ Ջոլին ասել է, որ Կանադան կավելացնի օգնությունը Լեռնային Ղարաբաղից փախստականներին։
Պատասխանելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին հարցին՝ նախարարը նշել է, որ բոլոր տարբերակները սեղանին են։ «Մենք ակնկալում ենք, որ կհարգվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք ուշադիր ենք այս հարցում»,- ասաց նախարարը։