ԱՐՑԱԽԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների համար առաջարկներ ունի, ծրագրեր են մշակել ու ներկայացրել կառավարություն: Նրանց համար հասանելի կլինեն ինչպես արդեն իսկ գործող պետական աջակցության ծրագրերը, այնպես էլ կլինեն նոր ծրագրեր, որոնց շրջանակում բռնի տեղահանվածների համար կգործեն արտոնյալ պայմաններ: «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 9-ին նախարարությունում հանդիպում է եղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ խնդիրներն ու գաղափարները քննարկելու նպատակով:

 

Գործարարները բարձրացրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը կապված են եղել նաեւ տեխնիկական հարցերի հետ: Եղել են հարցեր՝ հարկային համակարգերի փոխգործելիության հետ կապված եւ այլն: Գեւորգյանի հավաստիացմամբ՝ դրանք լուծելի են: Բռնի տեղահանված գործարարները հետաքրքրվել են, թե Էկոնոմիկայի նախարարությունն ինչ ծրագրեր է իրականացնում, որոնցից կարելի է օգտվել:

«Ծրագրերը մի քանիսն են: Այս պահին մասնավոր հատվածի զարգացման մեր ամենաընդարձակ ծրագիրը տնտեսության արդիականացման միջոցառումն է: Միջոցառման շրջանակում արդեն իսկ կնքվել է 2500-ից ավելի վարկային պայմանագիր, եւ 400 մլն դոլարից ավելի միջոցներ արտոնյալ տոկոսներով հասանելի են դարձել Հայաստանի քաղաքացիներին: Ծրագիրը գործել է նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Բռնի տեղահանումից հետո, բնականաբար, այն գործարարները, որոնք կցանկանան օգտվել ծրագրից, նույնպես դրա հնարավորությունն ունեն»,- վստահեցրեց փոխնախարարը:

Ծրագրի շրջանակում ընկերությունները մինչեւ 10 մլրդ դրամ սահմանաչափով կարող են ձեռք բերել մեքենասարքավորումներ, որոնց տոկոսագումարները պետությունը սուբսիդավորում է:

Նախատեսվում են նաեւ նոր ծրագրեր. դրանք կլինեն ոչ միայն բռնի տեղահանվածների համար, այլեւ Հայաստանում առհասարակ մասնավոր հատվածի համար: «Իսկ բռնի տեղահանվածների համար որոշակի արտոնյալ պայմաններ կգործեն: Դրանք այն առաջարկներն են, որ դեռ նախորդ շաբաթ մշակել եւ ներկայացրել ենք կառավարություն»,-ասաց փոխնախարարը:

Էկոնոմիկայի նախարարությունում հանդիպմանը մասնակցած գործարարները եղել են հիմնականում շինարարության, մշակող արդյունաբերության եւ այլ ոլորտներից: «Կարծում եմ, որ այն ծրագրերը, որոնք մենք ուզում ենք իրականացնել, հիմնական մասի խնդիրները կկարողանան սահուն կերպով լուծել»,-ասաց նա՝ հավելելով, որ հաշվի են առել  նրանց ներկայացրած որոշակի առաջարկները եւս:

Գեւորգյանի խոսքով՝ կառավարությանը ներկայացված ծրագրերից մեկը վերաբերում է զբաղվածության ապահովմանը: Այն մարդիկ, որոնք տարբեր ժամանակաշրջաններում, օրինակ, գուցե զբաղվել են ապրանքների, ծառայությունների առեւտրով, հնարավորություն կստանան Հայաստանում որպես աշխատուժ ներգրավվել տարբեր գործարարների մոտ, որոնք այս պահին աշխատուժի մեծ սղություն ունեն:

 

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ

Իսրայելի վրա «ՀԱՄԱՍ»-ի հարձակման զոհերի թիվը հասել է 1,2 հազարի, վիրավորվել է ավելի քան 2,4 հազարը, որոնցից 544-ը դեռ մնում են հիվանդանոցներում. հաղորդում է Հրեական պետության առողջապահության նախարարությունը։

 

Կյանքից զրկվածների թիվը շարունակում է  աճել, քանի որ ոստիկանությունը եւ կամավորները ուսումնասիրում են ավելի ու ավելի շատ տարածքներ եւ բնակավայրեր, որտեղ ահաբեկիչները ռազմական գործողություններ են կատարել անցյալ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին: Կան վայրեր, որտեղ նրանք հայտնաբերել են խոշտանգումների եւ զանգվածային մահապատիժների հետքեր, որոշ վայրերում մահացածների նույնականացումը չափազանց դժվար է եղել դիակները այրված լինելու պատճառով։

Մահացածների թվում կան նաեւ ազգությամբ ռուսներ: Հիշեցնենք, որ ահաբեկիչների գործողությունները խիստ մտահոգում էին Ռուսաստանին, քանի որ ամեն կերպ  ցանականում էր իմանալ՝ արդյոք պատանդների կամ մահացածների թվում ռուսներ կան: Արդյունքում պարզ դարձավ, որ չորս ռուսաստանցի սպանվել են զինյալների կողմից, եւս ինը անհայտ կորած են համարվում։

Հոսպիտալացվածներից երեքի վիճակը ծանր է, 126-ը՝ ծանր, 192-ը՝ միջին ծանրության վնասվածքներով։

Վերջին հաշվարկների համաձայն՝ գրոհայինների կողմից գերեվարվել է 130-ից 150 մարդ, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ եւ երեխաներ։

Գազայի հատվածի վրա պատասխան հրթիռային եւ ռմբակոծությունների ժամանակ առնվազն 950 պաղեստինցի է զոհվել, ավելի քան 5 հազար մարդ վիրավորվել է, մինչդեռ Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են ոչնչացնել շրջափակված անկլավի ենթակառուցվածքը, որտեղ կան լույսի եւ ջրի լուրջ ընդհատումներ։

Հավելենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանից հակատանկային հրթիռ է արձակվել Արաբ ալ Արամշե քաղաքի մերձակայքում տեղակայված զինվորական դիրքի ուղղությամբ։ Իսրայելական դիրքի հրթիռակոծության մասին հայտնել է նաեւ «Հեզբոլլահ» իսլամիստական խմբավորումը։

Աղբյուրը նշում է, որ այժմ Իսրայելը, ի պատասխան իր դիրքի հրթիռակոծության, գնդակոծում է Լիբանանի հարավային որոշ հատվածներ։

Լիբանանի պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իսրայելը ռմբակոծում է Դհայրա քաղաքը, իսկ «Յարին գյուղը գնդակոծվում է ֆոսֆորային արկերով»։

Հոկտեմբերի 9-ին Իսրայելը հայտնել էր, որ Լիբանանի տարածքից Իսրայել են ներթափանցել «ահաբեկիչներ», որոնք սպանվել են իսրայելցի զինվորների կողմից։ Այս բախումների ընթացքում իսրայելցի 3 զինվոր էր զոհվել։ «Պաղեստինի իսլամական ջիհադ» շարժումն իր հերթին հաստատել է, որ իսրայելցի զինվորների կողմից սպանված զինյալները եղել են իր անդամները։

Հոկտեմբերի 10-ին եւս բախումներ են տեղի ունեցել «Հեզբոլլահ»-ի եւ իսրայելցի զինվորականների միջեւ Լիբանանի եւ Իսրայելի սահմանին:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ՄԵԾԱՔԱՆԱԿ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐ

Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ Տավուշի մարզպետի աշխատակազմի թվով 73 աշխատակիցներ 2023 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի պահպանման ծախսերով պարգեւատրումների հոդվածով նախատեսված միջոցներից սահմանված կարգով ստացել են 55 միլիոն 769 հազար 800 դրամի պարգեւատրում: Թե ինչ աշխատանքային նվաճումների համար են մարզպետարանի պաշտոնյաները պետական բյուջեից պարգեւատրվել, հայտնի չէ։

 

 

 

 

ԻՋԵՎԱՆԻ ԲԿ-Ի ՎԻՃԱԿԸ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք ուղարկել՝ նշելով, որ Իջեւանի ԲԿ-ի բազմաթիվ բուժառուներ «Ժողովուրդ» օրաթերթին դժգոհել են, որ այդ   ԲԿ-ի հիվանդասենյակների պատերից կախված են հեռուստացույցի տակդիրներ, սակայն հիվանդասենյակներում հեռուստացույցներ չկան, հիվանդասենյակներում հիվանդները խեղդվում են սենյակների ծանր օդից, ԲԿ-ի զուգարաններում տիրող ծանր հոտից, այդ ԲԿ-ի շտապ օգնության ծառայությունը, բնակիչների գիշերային կանչերին արձագանքելով, հիվանդի հարազատներին ասում է, որ հիվանդին տաքսիով հիվանդանոց տանեն։ Մարզպետին հարցրել եմ, թե մարզպետարանն ինչ միջոցներ է ձեռնարկել այս թերությունները վերացնելու համար: Մարզպետարանից ստացված պատասխանում գրված է. ««Իջեւանի ԲԿ» ՓԲԸ-ի հեռուստացույցների տակդիրները պատերից արդեն իսկ հանված են, քանի որ վերանորոգման նպատակով հանված հեռուստացույցները չեն վերանորոգվել ֆինանսական աննպատակահարմարության պատճառով։ Հիվանդասենյակները գերազանց վերանորոգված են, ամբողջ հիվանդանոցում գործում է կենտրոնացված օդափոխության համակարգ, եւ ձեր պնդումը «ծանր օդից հիվանդների խեղդվելու մասին» չի համապատասխանում իրականությանը։ Շտապ օգնության մեքենայի կանչի իրականացման ժամանակ 2-րդ կանչի դեպքում արագ կերպով կազմակերպվում է կանչի սպասարկում այլ բրիգադի կողմից»։ Մարզպետն անտեսել է Իջեւանի ԲԿ-ի զուգարանների ծանր հոտի  մասին հարցը։

 

 

 

ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՏՈՒԳԱՆԵԼ

Իջեւանի կենտրոնով հոսող Աղստեւը շատ աղտոտված է, քանզի գետի ափին գտնվող  սննդի ու առեւտրի օբյեկտներից կենցաղային աղբը նետում են գետ: Համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին տեղեկատվական հարցում ենք արել՝ հարցնելով, թե համայնքապետարանը այս տարի գետն աղտոտած քանի հոգու է տուգանել։ Համայնքապետը պատասխանել է.«Աղստեւ գետն աղտոտելու համար համայնքապետարանն այս տարի տուգանքներ չի կիրառել, քանի որ հնարավոր չէր այդ պահին արձանագրել արարքը հետագայում վարչական տույժ կրառելու համար»։ Անհամոզիչ բացատրություն է, քանզի գետի ափերին եւ կամուրջներին կանգնածներին տեսանելի է, թե գետամերձ օբյեկտներից ոնց են պարբերաբար աղբ թափում Աղստեւ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս