«ՀԱՅԱՔՎԵ»-Ի ՆԱԽԱԳԻԾԸ ՄՈՒՏՔԱԳՐՎԵՑ ԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀայաՔվե»-ի նախաձեռնող խմբի՝ Արցախի վերաբերյալ օրինագիծը երեկ՝ հոկտեմբերի 11-ին, պաշտոնապես մուտքագրվեց ԱԺ: Նախագիծը 50.000 եւ ավելի ստորագրություն էր հավաքել, ԿԸՀ-ն հաստատել էր «ՀայաՔվե»-ի ներկայացրած ստորագրությունների վավերականությունը:

«ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար:

Երեկ այն մուտքագրվեց ԱԺ, այնուհետեւ ԱԺ նախագահը կվերահասցեագրի այն համապատասխան հանձնաժողով, այս դեպքում՝ Պետական-իրավական:

Մեկ ամիս շրջանառության մեջ մնալուց հետո գլխադասային հանձնաժողովը դրական կամ բացասական եզրակացություն պետք է տա:

Անկախ եզրակացությունից՝ նախագիծն ընդգրկվելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Նախագիծը ԱԺ-ում ներկայացնելու է «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչը:

Հաշվի առնելով այսօր ստեղծված իրավիճակը, որ Արցախն ամբողջությամբ հայաթափված է, իսկ հունվարի 1-ին արդեն կդադարի գոյություն ուեննալ՝ որքա՞նով է նպատակահարմար եւ արդիական այս նախագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանը, անդրադառնալով մեր այս դիտարկմանը, նշում է՝ թեեւ Արցախը կորսված է, բայց չպետք է հարմարվենք այս իրավիճակի հետ, այլ պետք է պահանջատիրություն ցուցաբերենք:

«Նախագիծը միայն Արցախին չէր վերաբերում, այլ նաեւ Ցեղասպանության պահանջատիրությանը: Երկու պահանջ էր ձեւակերպում՝ Արցախն Ադրբեջանի կամ որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաեւ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելը քրեականացնել ՀՀ պաշտոնյաների համար:

Անկախ նրանից, թե ինչ իրավիճակ է այսօր, դա չի նշանակում, որ Արցախից ձեռքներս պետք է լվանանք: Ցանկացած բանական հայ, որը չի հարմարվելու Արցախի կորստի հետ, ձեռքերը չպետք է լվանա: Մենք՝ որպես ժողովուրդ, ունենք, չէ՞, պահանջատիրություն. եթե մենք անընդհատ համակերպվենք տարածքային կորստի հետ, ապա նոր տարածքներ կկորցնենք:

Արցախը հայաթափվել է, բայց մի շարք անպատասխան հարցեր կան, որոնց պետք է հետամուտ լինել: Ի վերջո, եկեք հիշենք, անկախ նրանից, թե Գրանադայում ՀՀ դե ֆակտո վարչապետը ինչ հայտարարության տակ է ստորագրել, դա վերջնական փաստաթուղթը չի Ադրբեջանի հետ ստորագրված:

Ինչ-ինչ պատճառներով Ադրբեջանի նախագահը չգնաց Գրանադա, մենք չգիտենք՝ նոր հանդիպում կայանալու է, թե ոչ, կամ ինչ փաստաթուղթ է ստորագրվելու, այսինքն՝ վերջնական փուլը այդ փաստաթղթի ստորագրման դեռ չի կայացել: Մենք չպետք է առաջնորդվենք նրանով, որ եթե այսօր Արցախը հայաթափվել է, ասենք՝ դե լավ, էլ ոչինչ չունենք անելու. պետք է շարունակենք մեր նպատակները իրագործել. դրանք շատ հստակ են՝ Արցախը Հայաստանի հետ վերամիավորվելը, ինչպես նաեւ Ցեղասպանության պահանջատիրությունը: Կարծում եմ՝ այստեղ մենք անելու շատ բան ունենք եւ պետք է ավարտին հասցնենք այս նախագիծը, պետք է պարտադրել ՔՊ խմբակցության պատգամավորներին ընդունել նախագիծը, իսկ հաջորդ քայլերը ցույց կտա ժամանակը. հիմա սպասում ենք ԱԺ որոշմանը»,-ասաց Կոստանյանը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ  ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է

Ի պատասխան հոկտեմբերի 10-ի՝ ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինանի հարցազրույցի՝ Ադրբեջանի  արտաքին գործերի նախարարությունը  հաղորդագրություն է տարածել: «Հոկտեմբերի 10-ին Առաջին ալիքին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի հասցեին հնչած որոշ մեղադրանքներ հստակ ցույց են տալիս, որ հայկական կողմը չի հրաժարվում քաղաքական շահարկումներից եւ խեղաթյուրված մեկնաբանություններից»,- ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ՝ կապված Առաջին ալիքին տված հարցազրույցի ժամանակ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեկնաբանությունների հետ։

«Ցանկանում ենք հիշեցնել հայկական կողմին, որը պնդում է, թե Գրանադայում եվրոպական քաղաքական համայնքի նիստին մասնակցելուց Ադրբեջանի իբր հրաժարվելու պատճառը Ադրբեջանի կողմից խաղաղությանը խոչընդոտելն է, չի համապատասխանում իրականությանը, այլ, հակառակը, անցյալ տարվա դեկտեմբերից Հայաստանը խուսափում է տարբեր հարթակներում խոսել «Խաղաղության պայմանագրի» շուրջ»:

Հաղորդագրության վերջում Ադրբեջանը նշել է, որ խաղաղություն նախաձեռնողը իրենք են, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, մեղադրանքները ավարտելով՝ խոսել են նաեւ այն մասին, որ Ադրբեջանին բոլորը գիտեն իբրեւ խաղաղ սկզբունքներ կրող երկրի:

Հայկական կողմը դեռ չի արձագանքել այս մեկնաբանությանը:

 

 

 

ԿՎԵՐՑՆԻ՞  ՄԱՆԴԱՏԸ

Երեւանի ավագանին հոկտեմբերի 10-ին քաղաքապետ ընտեց: Տիգրան Ավինյանը, որը սեպտեմբերի 17-ին կայացած ավագանու ընտրությունների արդյունքում 33% ձայն էր հավաքել, ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների կողմից ընտրվեց քաղաքապետ:

«Հանրային ձայն» կուսակցությունն էլ էր եկել եւ քվորում ապահովել, որ նիստը կայանա: Իսկ ի՞նչ են մտադիր անել ընդդիմադիր Հայկ Մարությանի «Ազգային աաջընթաց» կուսակցությունը եւ Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» դաշինքը:

«Ժողովուրդ» օրաթերթին «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանն ասաց, որ իրենց խմբակցությունը, այդ թվում՝ Հայկ Մարությանը, վերցնելու են մանդատները եւ ավագանիում աշխատելու են իշխանության հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ դեռ չեն քննարկել՝ մանդատները վերցնելու են, թե չէ: «Հիմա ավելի կարեւոր հարցեր կան քննարկելու»,- ասաց նա:

 

 

 

ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ Է ԵԿԵԼ

Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորված եւ բարդ վիրահատության ենթարկված Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել։

«Բժիշկների գործադրած ջանքերի արդյունքում բուժման ակտիվ փուլն ավարտվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար, այժմ վերականգնողական բուժման կարիք ունի»,- այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտեցին  ՊՆ-ից:

 

 

 

ԱՄՆ-Ն  ԱՇԽԱՏԱՆՔ Է ՍԿՍԵԼ

«Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները լայնածավալ աշխատանք են սկսել ԱՊՀ երկրներում իրավիճակը խարխլելու ուղղությամբ, փորձում են ստեղծել քաղաքական ճգնաժամերի նախադրյալներ եւ անհրաժեշտ պայմաններ «գունավոր հեղափոխության» սցենարների իրականացման համար»,- ասել է  Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

Նրանց նպատակը, ըստ ՌԴ ԱԴԾ ղեկավարի, իշխանությունը գրավելն է հիմնականում Տաջիկստանում, Ուզբեկստանում եւ Թուրքմենստանում՝ ներառյալ նրանց, այսպես կոչված, «Համաշխարհային խալիֆայությունում»:

ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայություններն իրենց ջանքերը կենտրոնացրել են ԱՊՀ-ի հարավային սահմաններում իրավիճակի սրման վրա, դրա համար նրանք նախատեսում են օգտագործել Իրաքում, Սիրիայում եւ մի շարք միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին:

«Մենք տեղեկություններ ունենք, որ Կենտրոնական Ասիայի հանրապետությունների քաղաքացիները, որոնք համալրել են ՏԿԱԻՆ (Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության) շարքերը, հետախուզում են սահմանամերձ շրջանները եւ հայտնաբերում են խոցելի տարածքները դիվերսիոն խմբերի եւ ահաբեկչության միջոցների տեղափոխման համար: Բացի այդ, ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն «աֆղանական սպառնալիքի» դեմ պայքարի պատրվակով ակտիվորեն ծառայություններ են մատուցում Կենտրոնական Ասիայի երկրներին ռազմատեխնիկական համագործակցության եւ սահմանային անվտանգության ոլորտում՝ ԱՊՀ տարածքը ռազմական ճանապարհով «զարգացնելու» նպատակով»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ հավաքական Արեւմուտքը, անտեսելով միջազգային իրավունքի հաստատված նորմերը, փնտրում է այլախոհների շանտաժի եւ ահաբեկման ամենաարդյունավետ ձեւերը՝ սեպ խրելով ԱՊՀ երկրների եւ նրանց հարեւանների միջեւ առկա բարեկամական հարաբերություններում։

«Արեւմուտքն իր հետախուզական ծառայությունների, ինչպես նաեւ կառավարվող ոչ կառավարական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների միջոցով աշխատում է մեր երկրներում էթնիկ եւ կրոնական ատելություն սերմանելու ուղղությամբ՝ ներշնչելով զինված հակամարտություններ՝ դրանով իսկ ստեղծելով քաղաքական ճգնաժամերի նախադրյալներ եւ դրա իրականացման համար անհրաժեշտ պայմաններ»,- հավելել է նա։

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս