ՊԵԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի առաջին տեղակալ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արտյոմ Սմբատյանը հայտարարագրել է մեկ բնակարան, որը ձեռք է բերել հեղափոխությունից հետո 31 մլն 244 հազար դրամով «Սահակյանշին» ՓԲԸ-ից Երեւանի Կենտրոն վարչական շրջանի բազմաբնակարան շենքում։ Սմբատյանը  պաշտոնավարման ընթացքում՝ 2020 թվականին, ձեռք է բերել 2016 թվականի արտադրության Mercedes Benz  մակնիշի ավտոմեքենա։  Փոխնախագահ Սմբատյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 20 մլն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 670 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 392 հազար դրամ, որից 18 մլն 946 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։ Եկամտի մյուս մասը՝ 446 հազար դրամը, Սմբատյանը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից, ըստ երեւույթին, որպես եկամտահարկի վերադարձ հիփոթեքի մայր գումարի մարման համար։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 20 մլն 344 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի գումարի մնացորդն է։  Արտյոմ Սմբատյանը հանգստի համար ծախսել է 6 մլն 590 հազար դրամ։ Հիշեցնենք, որ Սմբատյանը նախկինում աշխատել է առողջապահական ոլորտում, 2019 թվականին եղել է ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար։ Հիշեցնենք, որ ԱՆ գլխավոր քարտուղարի թափուր հաստիքի համար մրցույթին չի մասնակցել, քանի որ չի համապատասխանել օրենքով նախատեսված պահանջներին։ Ստացվում է, որ Սմբատյանը 9 ամիս ապօրինի զբաղեցրել է այս հաստիքը։ Արտյոմ Սմբատյանը առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հովանավորյալն է եղել եւ այդ պաշտոնում նշանակվել էր նախարարի հետ ունեցած մտերմության շնորհիվ: Նա եղել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ապա՝ 2021 թվականի օգոստոսից՝ ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, եւ անցել է Տիգրան Ավինյանի շրջապատ: Մինչ այս, ըստ պաշտոնական կենսագրականի, նա 2012-2019  թվականներին համատեղ աշխատանք է կատարել նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունում։ Սմբատյանի կինը՝ Գոհար Մկրտչյանը, ըստ ամուսնու հայտարարագրի, որպես մանկաբարձ-գինեկոլոգ աշխատում է «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, որտեղից էլ, որպես աշխատանքի եկամուտ, ստացել է 4 մլն 908 հազար դրամ, որն էլ եղել է ամբողջ տարվա միակ եկամուտը։ Նա 2021 թվականին գնել է 2016 թվականի արտադրության BMW մակնիշի մեքենա։ Նախկինում մամուլը գրել էր, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանի հաշվապահ զոքանչի՝ Կարինե Համբարյանի նյութական վիճակը վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է։ Ընդ որում՝ Սմբատյանի զոքանչի ունեցվածքի ընդլայնումը տեղի է ունենում նրա փեսայի՝ պետական համակարգի օղակներով վերեւ սլանալուն համընթաց։ Եւ այսպես, Սմբատյանի կնոջ մայրը՝ Կարինե Համբարյանը, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող չորս հիմնարկներում աշխատում է որպես հաշվապահ։ Նա Միսաք Մեծարենցի անվան 146 հիմնական դպրոցի հաշվապահն է։ Համբարյանը հաշվապահ է նաեւ Երեւանի Ա. Ցիցիկյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցում եւ 2021-ի հունվարից, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ, ընդգրկվել է նաեւ դպրոցի կառավարման խորհրդում՝ որպես քաղաքապետի ներկայացուցիչ։ Համբարյանը «Զարթոնք» գեղագիտական դաստիարակության ՀՈԱԿ-ում եւ Երեւանի 49-րդ մանկապարտեզում եւս որպես հաշվապահ է ձեւակերպված։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, նախկին փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը մոտ 1 ամիս առաջ դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն մուտքի վիզա ստանալու համար: Մեր աղբյուրներով՝ վերջինս թեեւ երկրից մշտական մեկնելու մտադրություն չունի, բայց հաճախ է լինում ԱՄՆ-ում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լեւոն Հովհաննիսյանը չմեկնաբանեց այս տեղեկությունը՝ ասելով, թե անձնական տվյալ է: «Ես տարբեր դեսպանատներ անձնական կամ աշխատանքային հարցերով դիմում եմ, բայց ես համարում եմ դա անձնական տվյալ, չեմ ուզում մեկնաբանել: Հայաստանից մշտական մեկնելու մտադրություն, բնականաբար, չունեմ, բայց ոչ ԱՄՆ -ի, ոչ էլ մյուս երկրների մասով չեմ ուզում մեկնաբանել. դա համարում եմ անձնական տվյալ: Տարբեր դեսպանատների հետ աշխատանքային կարգով, լինում է, որ դիմում եմ աշխատանքային վիզայի համար»,-ասաց նա:

 

 

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գործունեությունից դժգոհությունները գնալով ավելանում են։ Բանն այն է, որ մասնագիտությամբ իրավաբան նախարարը սկսել է պարտվել դատարաններում, ինչը լրացուցիչ անգամ նրա նկատմամբ լարվածություն է առաջացրել: Վերջին թարմ օրինակը «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենի դեպքն է, եւ կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը պետք է վերականգնվի այդ պաշտոնին, այսինքն՝ նախարարը պարտվել է դատարանում։ Մինչ այդ Ծաղիկ Վարդանյանն էր հաղթել նախարարին եւ վերականգնվել  Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի  պաշտոնում։ Ստացվում է՝ իրավաբան-նախարարը չի կարողանում այնպիսի որոշումներ կայացնել, որոնց համար հետագայում չհայտնվի դատարաններում։ Մյուս կողմից՝ նրա վրա կենտրոնացել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որքան էլ Ավանեսյանը փորձում է կառավարության նիստերին կամ առհասարակ ակտիվ լինել, հայտնվել ամենուր, որտեղ լինում է Նիկոլ Փաշինյանը, նրա աշխատանքից դժգոհ են: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն ասում են, որ այժմ քաղաքական իշխանություններն առողջապահության նախարար են փնտրում։

 

 

 

Սեպտեմբերի 27-ին՝ Լաչինի անցակետը հատելիս, ապօրինի կերպով գերեվարվել եւ ձերբակալվել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, եւ ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Հոկտեմբերի 9-ին Բաքվի դատարանը մերժել էր նրա փաստաբան Աֆատ Գազիեւայի ներկայացրած վերաքննիչ բողոքը, այն է` փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը: Այսպիսով, Ռուբեն Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ այս պահին գործընթաց է գնում ՄԻԵԴ-ում՝ Հայաստանի դիմումի հիման վրա, բայց դեռ որեւէ ազդեցություն չկա: «Որեւէ արդյունք մինչ այժմ չունենք. ոչ միայն գերիների, այլ նաեւ բազմաթիվ այլ հարցերով միջազգային ատյանների որոշումները Ադրբեջանի վրա էական ազդեցություն չեն ունենում: Բոլորս էլ հասկանում ենք, որ իրավական առումով դժվար է հարցի կարգավորումը: Ամեն դեպքում, տարբեր ուղղություններով փորձ արվում է»,- ասաց նա: Ընդգծենք, որ Ռուբեն Վարդանյանի պաշտպանության գործընթացն իրականացնում է ադրբեջանցի փաստաբան Աֆատ Գազիեւան, հայազգի կամ միջազգային փաստաբաններ ներգրավված չեն: «Ադրբեջանի, ինչպես նաեւ մյուս երկրների օրենսդրությամբ՝ միայն պետության կողմից տրամադրված, գրանցված փաստաբանները կարող են պաշտպանությամբ զբաղվել. այլ փաստաբաններ չեն կարող ներգրավվել»,-հավելեց Առաքելյանը: Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը հոկտեմբերի 6-ին հեռախոսազրույց էր ունեցել կնոջ հետ: Այն մասին, թե զրույցում ինչ է պատմել Վարդանյանը, Մեսրոպ Առաքելյանն ասաց՝ կարճատեւ հեռախոսազրույց է եղել, Վարդանյանը տեղեկացրել է, որ առողջությունը բավարար վիճակում է. այլ մանրամասներ հայտնի չեն:




Լրահոս