«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ:
Մեր զրուցակիցը հայտարարել է, թե Արցախի նախկին նախագահներին պետք էր բերել Հայաստան ու այստեղ դատական պրոցես սկսել:
Ըստ Բաբայանի՝ եթե ինքը բանակցեր Ադրբեջանի հետ, ապա այսօր Արցախը հայկական էր լինելու:
-Պարո՛ն Բաբայան, արդեն տեւական ժամանակ է՝ արցախցիները կարողացել են հատել սահմանն ու վերադառնալ Հայաստան: Իրենք այստեղ են եւ տարբեր խնդիրներ ունեն՝ բնակության հարցից մինչեւ սննդի հարց: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում արցախցու կյանքը Հայաստանում. այսօր (երեկ-խմբ.) նույնիսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մոտ 2500 արցախցի լքել է Հայաստանը:
-Դա կախված կլինի կառավարության քաղաքականությունից՝ նրանք կմնան, թե կլքեն: Երկրորդ խնդիրն այն է, որ պետք է բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝ վերադառնալու խնդիրը հասկանանք. եթե ոչ, պետք է Հայաստանում այդ խնդիրը լուծենք:
-Իսկ ինչպե՞ս պետք է բանակցենք: Միշտ ասում ենք՝ պետք է բանակցենք, պետք է այդ մարդկանց իրավունքների համար պայքարենք, բայց այդ բանակցողը չկա, այդ մարդը չկա: Ի՞նչ պետք է անենք այս իրավիճակում:
-Մենք ունեցել ենք այդ մարդուն, բանակցել ենք, պարզապես գործող իշխանությունը, որին դուք նախկին եք անվանում, նրանք նախկին չեն, ներկա են, ամեն ինչ արել են, որ այդ բանակցությունները չստացվեն:
-Ի՞նչ են արել՝ ըստ Ձեզ:
-Չեն նստել սեղանի շուրջ, ուղիղ չեն գնացել բանակցելու, դրա համար այս պահին ունենք այն, ինչ ունենք:
-Այսինքն՝ ադրբեջանական կողմը պատրաստ է եղել բանակցությունների, հայկական կո՞ղմն է խուսափել:
-Քննություն է գնում այդ հարցով, քննությունը կավարտվի, տեղյակ կլինեք: Պետք չէ այժմ շտապել: Այո՛, պատրաստ էր Ադրբեջանը բանակցելու:
-Այսինքն՝ Դուք հույս ունեք, որ մենք մի օր կվերադառնանք բանակցությունների սեղան, եւ արցախցիները կվերադառնան իրենց տնե՞ր:
– Ես հույս ունեմ, որ ինքնավար հանրապետության շրջանակում հնարավոր է բանակցություն վարել ու վերադառնալ եւ հույս ունեմ, որ Հայաստանը Զանգեզուրից մինչեւ Երեւան այդ մարդկանց նորմալ կտեղավորի: Երկուսն էլ չեմ բացառում, բայց չեմ կարող ասել, թե քաղաքական ղեկավարությունը Հայաստանի ինչ որոշում կկայացնի:
-Ըստ Ձեզ՝ Հայաստանի իշխանությունը պատրա՞ստ է լուծելու արցախցիների խնդիրները:
-Դեռեւս ոչ:
-Իսկ Դուք իրենց հետ որեւէ կապ, առնչություն ունե՞ք՝ արցախցիների հարցերը լուծելու հետ կապված:
-Որեւիցե կապ չունեմ այս իշխանությունների հետ:
-Պարո՛ն Բաբայան, ի՞նչ եք կարծում, այս փուլում Հայաստանի վրա հարձակումը անխուսափելի՞ է:
-Կարծում եմ՝ ոչ: Չեմ կարծում, որ ինչ-որ գործողություններ լինեն: Այս փուլում բացառում եմ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԲԵԳԼԱՐՅԱՆԸ՝ ԱԼԻԵՎԻՆ
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկ արած հայտարարությանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Երեկ բռնապետ Ալիեւը հերթական անգամ, առանց որեւէ ապացույցի, կեղծ հայտարարություն է արել՝ պնդելով, որ արցախյան անտառներում թաքնված զինված խմբավորումներ կան։
Իրականում այնտեղ զինված եւ թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ Ադրբեջանի ահաբեկիչներ:
Արցախում մնացածների թիվը չի գերազանցում 40-ը»:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային խնդիրներին եւ կայունության պահպանմանն առնչվող հարցերին: Կողմերը քննարկել են Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները:
ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ «ԳԱԶՊՐՈՄԸ»
Թուրքիան եւ «Գազպրոմը» պայմանավորվել են առաջիկայում գազային հաբի վերաբերյալ ճանապարհային քարտեզ կազմել եւ սկսել նախագծի իրականացման աշխատանքը. տեղեկացրել է երկրի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը. հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մեր բանակցությունների ընթացքում մենք որոշել ենք ճանապարհային քարտեզ կազմել, իսկ հետո համատեղ աշխատանքներ սկսել՝ կապված բնական գազի կենտրոնի իրականացման հետ։ Մենք պայմանավորվել ենք այս հարցի շուրջ»,- նախարարի խոսքերը մեջբերել է Takvim թերթը։
ՍԱՆՈՍՅԱՆԸ ԳՈՐԾՈՒՂՎԵՑ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գործուղվում է Հնդկաստանի Հանրապետություն (Մումբայ). որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախարարն այնտեղ կլինի հոկտեմբերի 16-19-ը: Սանոսյանը կմասնակցի Հնդկաստանի համաշխարհային ծովային գագաթնաժողովին եւ Չաբահարի նավահանգստին նվիրված կլոր սեղան-քննարկմանը:
ՆՈՐ ԱՐՑԱԽՑԻՆԵՐ
Սյունիքում սեպտեմբերի 24-ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներում ութ երեխա է ծնվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
«Վեց բալիկ լույս աշխարհ է եկել Գորիսի ԲԿ-ում, երկուսը՝ Սիսիանի ԲԿ-ում»,- գրել է նա։
ՄԱԿ-Ը ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
Միավորված ազգերի կազմակերպությունը «անվերապահորեն դատապարտել է» Իսրայելում եւ Գազայում խաղաղ բնակիչների վրա հարձակումները, ինչպես նաեւ Իսրայելի կողմից Գազայի հատվածի անօրինական շրջափակման խստացումը։
«ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների առեւանգումն ու սպանությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են եւ միջազգային հանցագործություններ, որոնց համար պետք է պատասխանատվության ենթարկել»,- նշվել է ՄԱԿ հայտարարությունում։ Իսրայելում կամ Գազայում այդ բռնությունն արդարացում չունի։
ՄԱԿ-ը ուշադրությունը կենտրոնացրել է նաեւ Գազայի հատվածում պաղեստինցիների ծանր դրության վրա։ «Մենք վճռականորեն դատապարտում ենք Իսրայելի ռազմական հարձակումներն առանց այդ էլ հյուծված պաղեստինցի բնակչության վրա Գազայում, որտեղ ավելի քան 2,3 մլն մարդ կա, որոնց մոտ կեսը՝ երեխաներ։ Նրանք 16 տարի ապրում են անօրինական շրջափակման մեջ եւ արդեն հինգ ծանր ու դաժան պատերազմ են տեսել»,- ասել են նրանք։ «Դա հավասարազոր է հավաքական պատժի»։
ՄԱԿ փորձագետները նախազգուշացրել են, որ հիմնական ապրանքների (ջուր, սննդամթերք, դեղեր) մատակարարումից հրաժարումը «կարագացնի լուրջ հումանիտար ճգնաժամը Գազայում»։ Նրանք հումանիտար միջանցքների ստեղծման կոչ են արել, որպեսզի մարդիկ կարողանան հեռանալ Գազայից։
ՄԱԿ-ը կոչ է արել միջազգային հանրությանը «վերացնել ներկա հակամարտության արմատական պատճառները՝ ներառյալ 56-ամյա օկուպացիան եւ անեքսիան, որն իրականացնում է Իսրայելը»։
Հավելենք, որ Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ Ալ-Կուդրան ասել է, որ Գազայի հատվածում առողջապահության ենթակառուցվածքը մոտ է կոլապսի։
Նա անհանգստություն է հայտնել ինտենսիվ թերապիայի բաժանմունքների առիթով՝ հայտարարելով, որ «անգամ ընդլայնվելուց հետո մահճակալները զբաղված են, եւ նոր պացիենտների համար տեղ չկա»։ Նրա խոսքով՝ վիրավորների թվի ավելացումն այժմ գերազանցում է առկա հնարավորությունները։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր, որ հիվանդանոցները Գազայում «կարող են վերածվել դիարանների», քանի որ էլեկտրաէներգիա չկա։
Պաղեստինի առողջապահության նախարարը կոչ է արել միջազգային օգնություն ցուցաբերել դաշտային հոսպիտալների ստեղծման հարցում։
Նախարար Մայ Ալ Քայլան իր հայտարարությունում կոչ է արել «առողջապահության միջազգային կազմակերպություններին եւ ՄԱԿ-ին, ԿԽՄԿ-ին եւ աշխարհի բոլոր երկրներին անհապաղ եւ շտապ միջամտել, դեղորայք եւ բժշկական նշանակության առարկաներ տրամադրել վիրահատարանների, անհետաձգելի բուժօգնության եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքների համար»։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ առնվազն 1 354 մարդ՝ զոհվել, եւս 6 094 մարդ վիրավորվել է շաբաթ օրը Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածներից։