ԱՆՁ՝ ԿԱՇԱՌՔ ՏԱԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված եւ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են հիշյալ տեսչական մարմնի, ինչպես նաեւ ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու նոր դրվագներ:

 

Մասնավորապես, քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի հունվարի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչ Մ. Հ-ն Երեւան-Մեղրի մայրուղու՝ Սիսիան համայնքի հատվածում տեղակայված ՔՏՀԱ տեսչական մարմնի անշարժ հենակետի տարածքում ծառայություն իրականացնելիս ՀՀ քաղաքացի Մ. Թ.-ից կաշառք է ստացել վերջինիս վարած գերբեռնված տրանսպորտային միջոցն առանց կշռման եւ առանց խոչընդոտների հենակետով անցկացնելու համար:

ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Գ. Հ.-ն էլ, ընդգրկված լինելով անշարժ հենակետի հերթափոխում եւ գտնվելով կշռման կետում, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է՝ միջոցներ չի ձեռնարկել Մ. Թ.-ի վարած՝ պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող, գերբեռնված բեռնատարը կանգնեցնելու եւ կշռելու ուղղությամբ եւ, ըստ այդմ, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմել, որի արդյունքում Մ. Թ.-ն տուգանքի չի ենթարկվել:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ 2023 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Հ. Բ.-ն ՔՏՀԱ տեսչական մարմնի վերը նշված նույն հենակետի տարածքում ծառայություն իրականացնելիս ՀՀ քաղաքացի Մ. Թ.-ի, ինչպես նաեւ ԻԻՀ երկու քաղաքացիների վարած գերբեռնված տրանսպորտային միջոցներն առանց կշռման եւ առանց խոչընդոտների հենակետով անցկացնելու համար կաշառք է ստացել Մ. Թ.-ից, իսկ նույն դասակի ոստիկան Կ. Հ-ն էլ դրդել է Մ. Թ.-ին խմբով կաշառք տալ ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակցին:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ 2023 թվականի փետրվարի 23-ին «MAN» բեռնատարի վարորդ Կ. Մ.-ն բեռների կշռման վերը նշված հենակետն առանց խոչընդոտի անցնելու եւ իր նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու, այն է՝ ապօրինի անգործության դիմաց հիշյալ հենակետի հերթափոխում ընդգրկված ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Ա. Մ.-ին խոստացել է կաշառք տալ:

10.10.2023թ. ՊՊԾ դասակի ոստիկաններ Հ. Բ.-ն եւ Կ. Հ-ն, ՃՈ տեսուչ Մ. Հ-ն, ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Գ. Հ.-ն, ինչպես նաեւ բեռնատարի վարորդ Կ. Մ.-ն ձերբակալվել են:

Կաշառք ստանալու համար Հ. Բ.-ին եւ Մ. Հ-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ընդհանուր առմամբ, հիշյալ քրեական վարույթով ներկայում 11 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:

 

 

 

 

ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ՔՆՆՉԱԿԱՆՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի գործով փաստաբան էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ հոկտեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտե են տարել Լեւոն Քոչարյանին։

Այնտեղ նա առերեսվել է իր գործով անցնող երկու ոստիկանների հետ։ Ըստ փաստաբանի՝ առերեսումից հետո առավել ակնհայտ դարձավ մեկ բան, որ Լեւոն Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործն ապօրինի է։

Փաստաբանը նշեց, որ մնացած մանրամասներն այսօրվա ասուլիսին կհայտնեն, որտեղ կանդրադառնան Լեւոն Քոչարյանի քրեական գործի մի շարք հանգամանքներին։ Կներկայացնի տեղի ունեցած ակնհայտ խախտումների, ապօրինի կալանքի ու քրեական գործի ընթացքի վերաբերյալ մանրամասներ։

Հիշեցնենք,որ ասուլիսը տեղի է ունենալու այսօր՝ ժամը 11։00-ին, Կոնգրես հյուրանոցի սրահում:

Հավելենք, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Լեւոն Քոչարյանին բռնություն կիրառելով բերման էին ենթարկել, ապա նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղից էլ՝ ձերբակալել: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի հաղորդմամբ` ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիրբերետավորի է ծեծել:

Լեւոն Քոչարյանը սեպտեմբերի 25-ին 1 ամսով կալանավորվել է, եւ նրա պաշտպաները դիմել էին ՀՀ վերաքննիչ դատարան, գործը մակագրվել է իշխանությունների սրտով որոշում կայացրած դատավոր Մհեր Արղամանյանին:

 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սպանություն է տեղի ունեցել Հրազդանի Վանատուր թաղամասում։

Մեց հասած տեղեկությունների համաձայն՝ վարձակալած բնակարանում երկու հոգի օգտագործել են մեծ քանակությամբ ոգելից խմիչք, որից հետո սկսվել է կռիվ։

1959 թվականին ծնված տղամարդը դաժանաբար ծեծել է 1984 թվականին ծնված տղամարդուն, տարբեր մետաղյա գործիքներով հարվածել գլխին, որն էլ ստացած հարվածներից մահացել է։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կատարողին գիշերը ձերբակալել են։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

Ո՞Վ Է ՀԱՐՁԱԿՎԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող Արթուր Չախոյանի հետ: Նա հանրությանն ավելի շատ հայտնի է որպես Երեւանի քաղաքապետարանի կողմից հայտարարված շինարարական մրցույթները, ճանապարհի եզրաքարերի, ասֆալտի որակի քննադատող: Այս տարվա հոկտեմբերի 9-ի երեկոյան Արթուր Չախոյանի վրա երեք մարդ է հարձակվել, որից մեկին Արթուրը վնասազերծել է եւ հանձնել ոստիկաններին: Արթուրն այդ հարձակումը որակում է մահափորձ: Իրավապահ մարմիններն Արթուրի կողմից վնասազերծված անձին բաց են թողել:

Արթուր Չախոյանի խոսքով՝ իր դեմ մահափորձ կատարած անձինք ազատության մեջ են, ու ինքն իրեն ապահով չի զգում:

Նա իր հարձակումը կապում է հասարակական ակտիվ գործունեության հետ, սակայն չի պատրաստվում լռել:

Նշենք, որ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Արթուր Չախոյանի հաղորդման հիման վրա  ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ դանակով հարձակված անձի ինքնությունը, որը հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ։

Նույն օրը՝ ավելի ուշ, հաղորդում է ստացվել նաեւ Երեւան քաղաքի նշված բնակչից, որ ինքը, տեղեկանալով, որ կա անձ, որը տեսանյութեր ու ինչ-որ ինֆորմացիաներ է ուղարկում ադրբեջանցիներին, փորձել է հանդիպում ունենալ նշված անձի հետ, ում ինքն անձնապես չի ճանաչում:

Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդման, կոնֆլիկտ է առաջացել, ինչի հետեւանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ:

Առաջին հաղորդման հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ հոգեկան ներգործություն) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն), իսկ երկրորդ հաղորդման հիման վրա՝ 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում) հատկանիշներով, որոնք, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն կատարելու նպատակով միացվել են մեկ վարույթում՝ համատեղ քննություն կատարելու համար:

Հաղորդում ներկայացրած երկու անձանց նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նշված վարույթով ձերբակալված անձ չկա։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 




Լրահոս