ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ՝ ՈՐՊԵՍ ՀՈՆՈՐԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը  հոկտեմբերի 12-ի նիստում որոշեց վերաբաշխում կատարել 2023-ի պետական բյուջեի մասին օրենքում եւ 278,5 մլն դրամ հատկացնել 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների նոր դասագրքերի ստեղծման նպատակով  հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններին եւ փորձաքննություն անցած դասագրքերի հեղինակներին՝ որպես հոնորար:

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԿԳՄՍ նախարարությունը 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների թվով 65 անուն նոր դասագրքերի ստեղծման նպատակով  հայտարարել եւ իրականացրել է դրամաշնորհային մրցույթ: Դրամաշնորհային մրցույթի մասնակիցների կողմից 2023-ի հունիսի 1-ին՝ հայտերի բացման օրը, ներկայացվել է թվով 49 անուն դասագիրք:

Քննարկման արդյունքում  բարձր գնառաջարկի պատճառով 2 անուն դասագիրք /«Ֆրանսերեն 7» եւ «Ֆրանսերեն 5»/ չեն ներկայացվել փորձաքննության: 47 անուն դասագրքի փորձաքննության նպատակով ձեւավորվել է 76 փորձագիտական խումբ, յուրաքանչյուր խմբում ընդգրկվել է 8 փորձագետ:

Լրացուցիչ փորձաքննության են ներկայացվել «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ի կողմից ստեղծված 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը» եւ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկաների դասագրքերը, որոնք գիտականորեն չեն համապատասխանել սահմանված պահանջներին: Հետեւաբար, «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ին չի տրամադրվելու դրամաշնորհային մրցույթի հայտահրավերով սահմանված դասագրքի ստեղծման նախահաշվային արժեքը /6300000 ՀՀ դրամ/:

Դասագրքերի փորձաքննության ամփոփման արդյունքում ձեռք բերված գրքերն են՝ 2-րդ դասարանի 13 դասագիրք, 5-րդ դասարանի 13  դասագիրք, 7-րդ դասարանի 20 դասագիրք, 10-րդ դասարանի 12 դասագիրք, եւ դասագիրք ստեղծողների հետ կնքվել են պայմանագրեր:

Հաշվարկների արդյունքում անհրաժեշտ է եւս 278,505,6.0 հազար դրամ լրացուցիչ ֆինանսավորում՝ ներառյալ հեղինակներին տրվող հոնորարները:

Նախագծի ընդունման պարագայում պետական բյուջեում նախատեսվում է կատարել վերաբաշխում ԿԳՄՍՆ-ի 2023-ի պետական բյուջեի ընդհանուր հատկացումների հաշվին՝ 278,505,6.0 հազար դրամի չափով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին ԿԳՄՍՆ-ն հայտարարել էր գրքերի տպագրության համար նոր մրցույթներ։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել նախարարություն՝ հետաքրքրվելով, թե ինչի համար են նոր մրցույթները, եւ որքանով էր ճիշտ հայտարարել նոր մրցույթներ այն դեպքում, երբ նախորդները ո՛չ նախատեսված ժամանակի են կատարվել, ո՛չ արդյունավետ են եղել։

Նախարարությունից մեզ պատասխանել էին. «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը սույն թվականի սեպտեմբերի 6-ին հայտարարել է նոր դրամաշնորհային մրցույթներ` Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված,  3-րդ, 6-րդ, 8-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, ինչպես նաեւ 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարանների բացակա դասագրքերի համար»:

 

 

 

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ կառավարությունը 2 մլրդ 252 մլն դրամ հատկացրեց 7 մարզերի 14 համայնքների 18 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց  ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը։

«Կառավարությունն ընթացիկ տարում  արդեն շուրջ 303 ծրագրի համար ֆինանսավորել է 18 միլիարդ 556 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը։

Ըստ մարզերի բաշխվածությունը հետեւյալն է՝ Արագածոտնի մարզ՝ 30 միլիոն դրամ, Արարատի մարզ՝ 208 միլիոն դրամ, Արմավիրի մարզ՝ 118,5 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 647 միլիոն դրամ, Կոտայքի մարզ՝ 115 միլիոն դրամ, Սյունիքի մարզ՝ 1 միլիարդ 119 միլիոն դրամ, եւ Վայոց ձորի մարզ՝ 33 միլիոն դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն ծրագրերը, որոնք կառավարությունն այդ փաթեթով ֆինանսավորում է:  Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են  մարզերում կապիտալ ներդրումներին, մասնավորապես՝ համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը եւ գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

 

 

 

ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՃ

«2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը՝ վերջին հինգ տարիների համեմատ»,- հոկտեմբերի 12-ին՝ կառավարության նիստին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա այլոց շարքում նաեւ ժողովրդագրության ոլորտում Կառավարության վարած քաղաքականության արդյունքն է: Նաեւ ուզում եմ արձանագրել, որ սա առողջապահության ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության արդյունքն է: Մենք շատ լավ ցուցանիշ ունենք. մեռելածինների թվաքանակի էական նվազում ունենք. դա նշանակում է, որ առողջապահության ոլորտում մեր կողմից վարվող քաղաքականությունը դառնում է ավելի ու ավելի արդյունավետ, որովհետեւ ոլորտում սպասարկման որակի բարձրացման մասին է վկայում ոչ միայն աշխատավարձերի բարձրացումը, ոչ միայն պետպատվերի շրջանակում առողջապահական հիմնարկների ֆինանսավորման մեծացումը»,-ասաց նա:

Փաշինյանը նաեւ ընդգծեց, որ կառավարությունը տնտեսական արդիականացման ծրագրի շրջանակներում որոշում է կայացրել լիզինգի ծրագրի վերաբերյալ. «Առողջապահական հիմնարկները կարող են իրենց անհրաժեշտ ժամանակակից սարքավորումները ձեռք բերել: Այստեղ խնդիրը ոչ միայն մասնագիտական հմտությունների մեջ է, այլեւ ժամանակակից տեխնիկայի թիվը մեր առողջապահական հիմնարկներում շատանում է, ինչը շատ էական է»:

Փաշինյանը կարեւորեց այն, որ մահացությունների ամենացածր ցուցանիշն ունենք: «Այս առումով էլի պետք է վերադառնամ եւ խոսեմ կորոնավիրուսի համավարակի կառավարման մեր ցուցանիշների եւ որակի եւ մահացությունների հետ կապված: Այս հարցը կապ ունի նրանով, որ մենք ճիշտ էինք կարդում եւ ճիշտ էինք հասկանում իրադրությունը եւ ճիշտ որոշումներ էինք կայացրել, եւ այդ որոշումների շնորհիվ է, որ մենք գործնականում վերջին 5 տարիների ընթացքում մահացության ամենացածր ցուցանիշն ունենք ՀՀ-ում, եւ բնական աճը ամենաբարձրն է վերջին 5 տարիների համար:

Մեր բնակչությունը հունվար-օգոստոսին ավելացել է 7150-ով, եւ սա շատ կարեւոր ցուցանիշ է: Հույս ունեմ, որ այն ծրագրերը, որ մենք իրականացնում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար, կօգնի, որ նրանք ՀՀ-ից չհեռանալու որոշում կայացնեն, եւ այս բոլոր ցուցանիշների գծով մենք կունենանք ավելի լավ տվյալներ»,- նշեց նա:

 

 




Լրահոս