Երեւանի քաղաքապետարանի նորընտիր ավագանու հատուկ նիստում տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման հանդիսավոր արարողությունը: Նկատենք, որ Տիգրան Ավինյանի երդման հանդիսավոր արարողությանը ներկա էր Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ 2018 թվականին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությանը ներկա էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ինչո՞ւ է Տիգրան Ավինյանի երդման արարողությանը գնացել Կճոյանը, այլ ոչ թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ի պատասխան՝ Մայր աթոռի տեղեկատվական համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին՝ քանի որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն է, այդ իսկ պատճառով էլ նա է գնացել քաղաքապետի երդման արարողությանը:
Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ քաղաքական իշխանությունները, մի կողմից, դատում են Կճոյանին, մյուս կողմից՝ նրան հրավիրում քաղաքապետարան՝ մասնակցելու Տիգրան Ավինյանի երդման հանդիսավոր արարողությանը: Ինչպես հայտնի է, իրավապահ համակարգը նոր գրոհ է սկսել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ։ Պարզվում է, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի խնամիները պատերազմ են հայտարարել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, այս տարվա հունվարի 23-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը հրավիրվել էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Կճոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ավելին՝ Նավասարդ Կճոյանի գույքն արգելանքի տակ է դրվել: Բանն այն է, որ իրավապահները հարց են բարձրացրել՝ որտեղից հոգեւորականը, որը չի ունեցել եկամուտ, ունի մեծ ծավալների գույք: Հոգեւորականը բացատրել է, որ դա նա՝ որպես հոգեւորական, ստացել է նվիրատվություն, իսկ, ահա, իրավապահները հոգեւորականին բացատրել են, որ եկեղեցին ասում է՝ այդ նվիրատվությունն իրենը չէ, եկեղեցունն է: Սա էլ դեռ քիչ չէ, հիմա էլ շուրջ 2 տարի առաջվա քրեական գործն է դատախազությունը վերաբացել:
Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ փողերի լվացման համար մեղադրվող Ս. Կ.-ն (խոսքը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին է, -խմբ.) կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. վերադաս դատախազը վերացրել է քննիչի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը։ Բան այն է, որ շուրջ 10 տարի է, ինչ սնանկացած գործարար, օֆշորի սկանդալի գործով առանցքային տուժող Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող գույքի դիմաց ստացված մոտ 10 միլիոն դոլարը գործարար Աշոտ Սուքիասյանը, Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է օֆշորում գրանցված մի քանի կազմակերպությունների, այդ թվում՝ WLISPERA HOLDINGS-ին: Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքի համաձայն՝ WLISPERA HOLDINGS LIMITED-ի բաժնետերերն են Աշոտ Սուքիասյանը, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Կճոյանը: Սուքիասյանը, սակայն, պնդել է, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ արքեպիսկոպոս Կճոյանը որեւէ կապ չունեն օֆշորային այդ կազմակերպության հետ, եւ որ նրանց ստորագրություններն անձամբ է սարքել: Հիմա այս գործով քննությունը շարունակվում է։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԸ ԿԱՅԱՑԱՎ
Բաքվի Յասամալի շրջանային դատարանում տեղի է ունեցել Լաչինի միջանցքով Հայաստանի Հանրապետություն անցնելու ժամանակ ադրբեջանական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից ապօրինի առեւանգված՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով նախադատավարական նիստը:
Ինչպես հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին շինծու մեղադրանք են առաջադրել՝ իբր Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «ցեղասպանություն իրականացնելու համար»:
Պետական մեղադրող Մուգադես Սուլթանովը խնդրել է գործը փոխանցել դատարան եւ չփոխել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը։
Քրեական գործի քննությունը նշանակվել է հոկտեմբերի 17-ին։
Հիշեցնենք, որ անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները առեւանգել եւ Բաքու են տեղափոխել 2023թ. հուլիսի 29-ին։
ՈՎՔԵ՞Ր ԿՆՇԱՆԱԿՎԵՆ
Քաղաքապետ ընտրելուց հետո փոխքաղաքապետերի եւ թաղապետերի պաշտոնները բաժանելու ժամանակն է:
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» խմբակցությունները, սակայն, դեռ որոշում չունեն՝ փոխքաղաքապետերի եւ թաղապետերի պաշտոններում ովքեր են նշանակվելու:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասաց, որ դեռ այս հարցով որոշում չունեն, առաջիկայում քննարկում կանեն եւ վերջնական որոշում կկայացնեն:
«Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը նույնպես ասաց, թե փոխքաղաքապետի եւ թաղապետերի պաշտոնների բաշխման հետ կապված հարց չեն քննարկել: «Դեռ նման քննարկում չենք ունեցել: Թե՛ մեր քվեարկությունը, թե՛ կոալիցիան բացարձակ պաշտոնների բաժանման հետ կապ չուներ։ Այնպես որ, այդ ամենը երկրորդական է»,-ասաց նա:
ԴԵՍՊԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ
Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարան հրաժեշտի գրառում է կատարել։ Նա X-ում գրառում է կատարել եւ կցել է Արարատի լուսանկարները՝ արված ինքնաթիռից:
«Շուրջ 3 տարվա ծառայությունից հետո ես այսօր վերջնականապես հեռացա Հայաստանից։ Ինքնաթիռի պատուհանից Արարատին նայելիս մտածում եմ՝ ամեն ինչ արել եմ չափազանց դժվար ժամանակներում Արգենտինան ներկայացնելու համար։
Մաղթում եմ ամենալավը քաջ եւ տոկուն հայ ժողովրդին։ Իմ սիրտը միշտ կմնա ձեզ հետ»,- գրել է նա։
ՌԴ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, կարող է բանակցություններ անցկացնել Մոսկվայում։
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպման ընթացքում:
«Օրակարգում խաղաղության պայմանագրի նախապատրաստումն է (խմբ. Երեւանի եւ Բաքվի միջեւ)՝ վերջնականապես վերջ դնելու երկար տարիների հակամարտությանը։ Ռուսական կողմն իհարկե պատրաստ է իր գործընկերներին ցուցաբերել հնարավոր ամբողջ օգնությունն այդ հարցում: Մենք, մասնավորապես, համաձայն ենք Մոսկվայում բանակցությունների կազմակերպմանը, անհրաժեշտության դեպքում՝ ցանկացած ձեւաչափով»,- ասել է Պուտինը։
Ըստ Ռուսաստանի նախագահի՝ խոսքը նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եւ փորձագետների միջեւ բանակցությունների մասին է։
«Մենք, իհարկե, կօգնենք, որ այդ բանակցություններն ավարտվեն այդ երկրների ղեկավարների կողմից ստորագրված խաղաղության պայմանագրով»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը:
Նա հավելել է՝ ընտրությունը միշտ համապատասխան երկրներինն է, սակայն Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ստեղծել այդ աշխատանքի համար:
Ըստ Պուտինի՝ վերջին 3 տարվա ընթացքում ռուսական կողմը զգալի ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը կանխելու եւ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։
Նա ասել է, որ այս երեք տարիների ընթացքում Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափում տարվել է քրտնաջան աշխատանք:
ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների հետ կապված»,- երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ։
«Վրաստանն առաջինը լքեց մեր ասոցիացիան, դե ֆակտո Ուկրաինան մեզ հետ չէ: Մոլդովայի հետ կապված մեծ հարցեր կան: Ցավոք, Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»,- ասել է նա. փոխանցում է «Բելտա» գործակալությունը։
Հավելենք, որ Բիշքեկում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի նախագահները: Նիկոլ Փաշինյանը Բիշքեկ չի մեկնել։