«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ավարտվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի ու նույն հանձնաժողովի անդամների կողմից երկու տասնյակ քաղաքացուց կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված, ապա ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությունը:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված անհրաժեշտ վարութային ու քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ հիշյալ հանձնաժողովի նախագահը, նույն հանձնաժողովի անդամ երկու բժիշկ-փորձագետների հետ նախնական համաձայնությամբ, ինչպես նաեւ հանրային ծառայող չհանդիսացող բուժվիճակագրի օժանդակությամբ բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ անձին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության խումբը որոշելու, տեւողության ժամկետների սահմանման լիազորություններն իրականացնելիս քաղաքացիների օգտին նախընտրելի որոշում կայացնելու, այն է՝ հաշմանդամ ճանաչելու, տեւողության ժամկետը սահմանելու համար, փորձաքննության դիմած, քննությամբ ինքնությունները պարզված 10 եւ ինքնությունները դեռեւս չպարզված եւս 10 անձանցից 2018թ. դեկտեմբերից մինչև 2019թ. ապրիլի 29-ն ընկած ժամանակահատվածում իրենց աշխատասենյակում պահանջել եւ որպես կաշառք են ստացել խոշոր չափերով՝ 695.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր անձից 20.000-ից մինչեւ 55.000 ՀՀ դրամ գումարներով:
Այնուհետեւ կաշառք ստացած գումարները հանձնաժողովի նախագահը օրվա վերջում բաշխել է հանցակիցների միջեւ՝ բժիշկ-փորձագետներից մեկին տալով 10.000-ական, մյուս բժիշկ-փորձագետին եւ բուժվիճակագրին՝ 5000-ական դրամ: 2023-ի հոկտեմբերին Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձաժողովի նախագահին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:
Երկու բժիշկ-փորձագետներին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ, բուժվիճակագրին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, իսկ առերեւույթ կաշառք տված Վանաձորի մի բնակչի՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով:
Հանձաժողովի նախագահի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրված է եղել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով։ Մյուս չորս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Առերեւույթ կաշառք տված՝ ինքնությունները պարզված մյուս 9 անձանց նկատմամբ (1-ի պարագայում՝ մահվան, իսկ մյուս 8-ի դեպքում՝ գործուն զղջալու հիմքով) քրեական հետապնդում չի հարուցվել։
Գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով կալանք է դրվել մեղադրյալներից երկուսի շարժական եւ անշարժ գույքի վրա, որոշում է կայացվել վերջիններիս պաշտոնավարումը ժամակավորապես դադարեցնելու մասին:
Նշված 5 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է: Նրանց մասով անջատված վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու նպատակով:
Մյուս մասով շարունակվող նախաքննությամբ միջոցներ են ձեռնարկվում առերեւույթ կաշառք տված՝ ինքնությունը չպարզված մյուս անձանց պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԿԵՆՏՐՈՆ
Երեւանում մորը եւ քրոջը դանակահարած 48-ամյա կնոջը սեղափոխել են Հոգեկան առողջության կենտրոն։ Բանն այն է, որ նա նախկինում հաշվառված է եղել կենտրոնում։ Մեզ հայտնի դարձավ, որ դանակահարված 79-ամյա մոր ու քրոջ կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ shamshyan.com-ը գրել էր, որ հոկտեմբերի 6-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 17:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ «զույգ վերին վերջույթների կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Կարճ ժամանակ անց նույն բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ «ձախ գոտկային շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նրանք են Երեւանի բնակիչներ 79-ամյա Անահիտ Կ.-ն եւ 45-ամյա Լուսինե Կ.-ն:
Մաշտոցի ոստիկանները պարզել են նաեւ, որ նրանց դանակահարել է Երեւանի բնակիչ 48-ամյա Էլեն Կ.-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձեւակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին. քննությունը շարունակվում է։
ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 12-ի գիշերը կրակոցներ են հնչել «Էրեբունի ամրոց» ռեստորանում:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ռեստորանում վիճաբանություն է եղել, մի խումբ անձինք վիճել են, որից հետո միջադեպի մասնակիցներից մեկը հանել է ատրճանակը ու սկսել կրակել վեճի մյուս մասնակիցների վրա։
Իրավապահները շտապել են դեպքի վայր եւ այս պահին քննում են ռեստորան հաճախած անձանց ինքնությունը։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՏԱՊԱԼԵ՞Լ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ
Սեպտեմբերի 19-ին իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչի համար հերթական անձն է կալանավորվել։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Խաչիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել:
Նա, «Ֆեյսբուք» սոցիալական կայքում ունենալով «Խաչիկ Հակոբյան» անվամբ գրանցված կայքէջ, Արցախի Հանրապետությունում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող ռազմական գործողությունների հանգամանքով պայմանավորված, զանգվածային լրատվության միջոցներով, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելու եղանակով իր ձայնը հասարակության լայն շրջանակներին հասանելի դարձնելու նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Այգեստան 41 հասցեում գտնվելու ընթացքում, իր անվամբ գրանցված «Խաչիկ Հակոբյան» կայքէջում ուղղակի դիտավորությամբ կատարել է իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ։
Նա դրանով խախտել է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազատ ընտրությունների, հանրաքվեների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով պետական իշխանության կազմավորման եւ գործունեության սկզբունքները:
ԽՈՒՍԱՓԵԼ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Աշոտ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 16.03.2019 թվականին կանգնել է զինվորական հաշվառման, պիտանի ճանաչվել զինվորական ծառայության համար եւ ենթակա է եղել պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչին, սակայն, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն, ստացել է տարեկետում մինչեւ 2022 թվականի ձմեռային զորակոչը:
Այնուհետեւ՝ 26.01.2023 թվականին, ՀՀ կառավարության թիվ 106-Ա որոշմամբ՝ Աշոտ Գասպարյանը 2022 թվականի ձմեռային զորակոչից ստացել է տարեկետում մինչեւ 30.06.2023 թվականը: Այնուհետեւ՝ 2023 թվականի ամառային զորակոչին, Աշոտ Գասպարյանը ներկայացել է տարածքային ստորաբաժանում, պիտանի ճանաչվել զինվորական ծառայության համար, սակայն հրաժարվել է ստանալ 26.06.2023 թվականին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնելու ծանուցագիրը, որպիսի պայմաններում խուսափել է հայտարարված՝ 2023 թվականի ամառային հերթական պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ