ԲԱԲԱՅԱՆԻՆ ԿԿԱՆՉԵՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին օրերս կհրավիրեն ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: Արդյոք իրավապահ համակարգը համարձակություն կունենա՞ հարց բարձրացնելու, թե ով էր Սամվել Բաբայանին մանդատ տվել ՀՀ կամ Արցախի իշխանության թիկունքում հակառակորդի հետ բանակցելու հարցում, որն, ըստ էության, պետական դավաճանության տարրեր է պարունակում: Բանն այն է, որ Արցախի նախկին ԱԽ Սամվել Բաբայանը Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո շտապել էր Հանրային հեռուստաընկերություն եւ մի շարք աղմկահարույց հայտարարություններ արել, որոնք կա՛մ վրիպել են հայրենի իրավապահների աչքից, կա՛մ էլ պարզապես ցանկություն չունեն իշխանությունների սիրելի Սամվել Բաբայանի հայտարարությունների մասով քրգործ հարուցել: Այսպիսով, Հանրայինին տված իր հարցազրույցում Սամվել Բաբայանը հայտարարել էր, թե ինքը քողարկված բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ, ավելին՝ ինչպես ինքը հայտարարեց, որոշ հարցերի շուրջ արդեն համաձայնության են եկել Ադրբեջանի հետ: «Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել էինք ավտոնոմ ռեսպուբլիկայի շուրջ, կետ առ կետ գրած էր (23 կետ)։ Ադրբեջանը համաձայնել էր»,-ասել էր Բաբայանը: Նա նաեւ ասել էր, որ Արցախի 3 նախագահներն էլ պետք է կալանավորվեն, ու հենց այդպես էլ արեց Բաքուն: Հետաքրքիր է, որ այս ընթացքում Բաբայանը որեւէ պաշտոն չէր զբաղեցնում ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ Արցախում, ուստի որեւէ իրավասություն չուներ բանակցություններ վարելու, այն էլ՝ թշնամի երկրի հետ: Ուստի հարց է առաջանում՝ ո՞վ է Սամվել Բաբայանին մանդատ տվել, որ թշնամու հետ բանակցություններ վարի, իր հարցազրույցում էլ նա չէր բացահայտել դա: Հաշվի առնելով, որ Արցախում Սամվել Բաբայանը ոչ ընդունելի եւ անհասկանալի կերպար է, դժվար թե ԱՀ իշխանությունները նրան այդ կարեւոր հարցը վստահեին, մյուս կողմից էլ՝ եթե հաշվի առնենք Նիկոլ Փաշինյանի հետ նրա մտերմությունը, թերեւս բացառվում է, որ առանց նրա գիտության Սամվել Բաբայանը բանակցություններ վարեր: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հնչեցրած հայտարարությունների ու հաղորդման հիման վրա, քրեական գործ է հարուցել: Վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածներով՝ Քրեական օրենսգրքի 550 հոդվածով («Զինվորական պաշտոնեական անփութությունը», որը սահմանում է՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը), ինչպես նաեւ Քրեական օրենսգրքի 550 հոդվածով («Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը», որը սահմանում է՝ առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու հրամանատարի (պետի) կողմից ամրությունը, մարտական տեխնիկան կամ մարտ վարելու այլ միջոցը հակառակորդին հանձնելը կամ թողնելը)։ Կարճ ասած, հող են նախապատրաստում քաղաքական իշխանությունները, որ Բաքվի բանտից եթե Արցախի 3 նախագահները Հայաստան գան, Հայաստանում անմիջապես կալանավորվեն:

 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Արցախի հերոս, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննել են ապօրինի զենքի ձեռք բերման գործի շրջանակներում: Բալասանյանը ԱԱԾ-ում ցուցմունք է տվել եւ այնպիսի բաներ է հայտնել, որ, ըստ էության, նախաքննական մարմինը այս գործով անցնող անձանց դեմ որեւէ բան չի գտել: Նկատենք, որ այս քրեական գործը հարուցվել է մոտ 4-5 ամիս առաջ, որով անցնում է նախկին հայտնի պաշտոնյա, ում անունը կհրապարակենք առաջիկայում: Տեղեկացնենք, որ Վիտալի Բալասանյանի եւ նրա որդու դեմ հարուցված քրեական գործն արդեն կարճվել է: Արցախի դատախազությունը հայտնել էր, որ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74 միլիոն 500 հազար դրամ փոխառություն մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային: Բալասանյանների պաշտպանը պնդել է, որ, 74 միլիոնի փոխարեն, ավելի քան 300 միլիոնի ծրագիր է իրականացրել Բալասանյանի որդին։ Արցախի տարածքում այդ գումարով նոր մեղվաընտանիքներ են ձեւավորվել, վարկը ոչ նպատակային օգտագործելու կասկածանքը անհիմն էր համարել:

 

 

 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին հոկտեմբերի 11-13-ը գործուղել է Բեռլին՝ Դրեզդեն։ Բեռլին գործուղվել են Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, ԱԺ պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Նարեկ Գրիգորյանը, ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետ Հայկազ Նասիրբաբյանը (հոկտեմբերի 10-14-ը), ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի առաջատար մասնագետ Ժաննա Հարությունյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ գործուղված պատգամավորների շարքում ընդդիմադիր պատգամավորներ չկան։ Այսինքն՝ ՀՀ ԱԺ-ն դարձել է իշխող ՔՊ-ականների համար զբոսանքի, աշխարհ տեսնելու հնարավորություն: Պատգամավորներ կան, որ իրենց կյանքում առաջին անգամ ինքնաթիռ են նստել, երբ պատգամավոր են դարձել: Օրինակ՝ Բեռլին մեկնած նորատուսցի Նարեկ Գրիգորյանը, որն Ազգային ժողովի ամբիոնից մեկ նախադասություն անգամ չի կարողանում ճիշտ կազմել մայրենի լեզվով, անհասկանալի է, թե ինչով է զբաղված Գերմանիայի Դաշնությունում: Հիշեցնենք, որ նույն Նարեկ Գրիգորյանի մասին է խոսքը, որն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե մասնակցել է 44-օրյա պատերազմին, եղել է «Գեղարքունիք» ջոկատի հրամանատարը։ Այդ տեղեկությունը, սակայն, հերքել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հայտնելով, որ Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել, առանձին որեւէ մարտական առաջադրանք չի կատարել, ջոկատի անձնակազմից զոհեր եւ վիրավորներ չեն եղել: Նկատենք, որ ՔՊ-ականները ուրախ ճամփորդում են մի իրավիճակում, երբ կորցրել ենք մեր հայրենի Արցախի Հանրապետությունը, հազարավոր արցախցիներ ունեն աջակցության կարիք, եւ անհրաժեշտություն կա միջազգային հանդիպումների միջոցով ստեղծել արտաքին հարաբերություններ, որոնք կկարողանան հետագայում մեզ օգնել: Այս օրակարգը սպասարկելու փոխարեն՝ Նարեկ Գրիգորյանը, Արուսյակ Մանավազյանն ու իրենց հանձնաժողովի նախագահը, առանց խորհրդարանական ընդդիմադիրների, շրջագայություններ են կազմակերպել: Ավելին՝ Նարեկ Գրիգորյանն իր նորատուսցի հետեւորդներին ակտիվորեն ցույց է տալիս Գերմանիայի մաքրամաքուր քաղաքներից կադրեր: Հիշեցնենք նաեւ, որ Նարեկ Գրիգորյանը ՔՊ-ական այն պատգամավորն է, որն ուշացել էր Հռոմի ստատուտը վավերացնելու մասին քվեարկությունից եւ երկար ժամանակ արդարանում էր դահլիճում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի մոտ:

 

 

Երեկ տեղի ունեցավ Երեւանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը, որի ավարտից հետո վերջինս պատասխանեց լրագրողների հարցերին: Կադրերի ընտրության մասին հարցերից մեկին ի պատասխան՝ նորընծա քաղաքապետը հեգնեց. «Ինչքան հարազատ «պռարաբ» ու մեբելի դիզայներ կար, վարչության պետ էր էստեղ»: Աշղեկի մասին ակնարկելով՝ Ավինյանը, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ Հայկ Մարությանի ժամանակ շինարարության ու բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանին, ում մասին տեղեկություններ էին տարածվել, որ հայտնվել է այդ պաշտոնին՝ շնորհիվ այն բանի, որ ժամանակին զբաղվել է Կարգին Հայկոյի՝ Հյուսիսային պողոտայի տան վերանորոգման աշխատանքներով, ու դա բավարար էր, որպեսզի այդ մարդը նշանակվեր նման պատասխանատու աշխատանքի: Ի դեպ, ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ մի քանի օր է, ինչ քաղաքապետարանի համապատասխան փաստաթղթեր են ուսումնասիրվում, եւ արդեն իսկ կան բավական հետաքրքիր տվյալներ, որոնք խոսում են Մարությանի իշխանության տարիներին շինարարական տենդերների կազմակերպման ու անցկացման խախտումների, խոշոր գումարների ծախսման հետ կապված խնդիրների մասին: Օրինակ՝ առանց նախագծման, վերանորոգել են Կորեայի ձորի կամուրջը, առանց նախագծման աշխատանքների, երեք տարի ճանապարհների նորոգում են անցկացրել՝ ընդհանուր շուրջ 12 մլրդ դրամ արժողության: Ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ Մարությանի օրոք՝ 2021թ.-ին, Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշարձանի շինարարության մրցույթ են հայտարարել՝ չունենալով հիդրոտեխնիկական նախագիծ: Ըստ նախնական ուսումնասիրությունների՝ Մարությանի «պռարաբի»՝ վարչության պետ եղած ժամանակ «անհասկանալի» պատճառներով ճանապարհաշինական մրցույթներ են շահել հիմնականում նույն մարդիկ, յուրաքանչյուրը՝ 3-4 լոտ: Թե մինչեւ ուր կհասնեն ուժային կառույցները Երեւանի նախկին քաղաքապետի կառավարման տարիներին տեղի ունեցած միլիարդների բյուջետային շարժի գործով, ցույց կտա ժամանակը: Մենք շարունակելու ենք տեղեկությունների ուսումնասիրությունը եւ դրանք մեր ընթերցողին ներկայացնելը:

 

 

 




Լրահոս